Դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց չեք լինելու ԱԺ նախագահ. Ում հարգանք` նրան հարգանք. Ռուբեն Մխիթարյան
Պարոն Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բարեկրթության մասին, իրականում ողջունելի է, միայն մոռացել է, որ, օրինակ՝ մեր ամբողջ քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եղել է բարեկրթության սահմաններում։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
«Մեր ամբողջ քարոզարշավը նվիրված է եղել մեր ծրագրերին, առաջարկվող աշխատանքներին և միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Մենք, որ ասում ենք՝ մեր ձևով, դրա մեջ, միանշանակ մտնում է նաև բարեկրթությունը, դրա մեջ մտնում է շնորհքով լինելը, համեստ լինելը և այլն։
Պարոն Ռուբինյանը երեկ նշում էր նաև բռնաճնշումների մասին, որ բռնաճնշումներ չկան: Ինձ հետաքրքիր է՝ եթե Հայաստանի Հանրապետությունում չկան բռնաճնշումներ, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պարզունակ ժեստի համար ինչո՞ւ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»,-նշել է նա:
Մխիթարյանը խոսել է նաև Ալիկ Ալեքսանյանի մասին, նշել, որ նա իրենց պայքարի առաջամարտիկներից է, ում կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:
«Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո՛, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք Ազգային ժողովի նախագահ, բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ և ամենակարևորը՝ բարեկրթության մասով, ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ»,-եզրափակել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:

