Անօթևան կինը հանրակացարանում սենյակ է ստացել
Գյումրիի բնակիչ Էլիտա Գասպարյանը տարիներ շարունակ բնակվել է սոցիալապես ծանր պայմաններում՝ 4-րդ աստիճանի վթարային բնակարանում:
Դեռևս 2007թ . ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հիման վրա Գյումրիի քաղաքապետարանը նրան հաշվառել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում` ըստ համապատասխան արտոնությունների:
Տիկին Էլիտան դիմել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված բնակարանների հատկացման հանձնաժողովին, որտեղից պատասխանել են, որ իրեն չեն ընդգրկել բնակարանային շինարարության ծրագրում` պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով քանդված իրենց բնակարանի դիմաց իր ընտանիքի մի մասին` հարսին և երկու թոռներին, արդեն իսկ հատկացվել է բնակարան:
Մնալով անօթևան՝ Է. Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին ՝ խնդրելով նրա աջակցությունն իրեն ժամանակավոր կացարանում տեղավորելու հարցում:
Պաշտպանի միջամտության արդյունքում Գյումրիի քաղաքապետարանը Էլիտա Գասպարյանին տրամադրել է քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոցի հանրակացարանի սենյակներից մեկը:
Պաշտպանի գրասենյակ