«Ռոսատոմի» ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով FESCO-ի բեռնարկղանավի խորտակման մասին
«Ռոսատոմ»-ի կազմի մեջ մտնող FESCO տրանսպորտային խմբին պատկանող «Յանինա» բեռնարկղանավը Սև ծովում խորտակվել է ուկրաինական ծովային անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 1-ի գիշերը՝ Նովորոսիյսկից մոտ 130 ծովային մղոն (շուրջ 240 կմ) հեռավորության վրա։ Լիխաչովը նշել է, որ հարձակումը սկսվել է ուրբաթ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում։
«Ռոսատոմ»-ի ղեկավարը պնդում է, որ նավը փոխադրում էր քաղաքացիական բեռներ և գտնվում էր միջազգային ջրերում։
Անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են։ Նավաստիների մեծ մասին իր տախտակամած է բարձրացրել դեպքի վայր հասած Delphinus առևտրային նավը։ Լիխաչովի խոսքով, վերջին անդամին հայտնաբերել են մի քանի ժամ անց և տեղափոխել ափ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած Սևծովյան նավատորմի փրկարարական ուղղաթիռի և առևտրային նավի անձնակազմերին։

