Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Ռուսաստանի մարզերի վրա, կան զոհեր և վիրավորներ
Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով կին է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Ցավոք, Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով զոհվել է 60-ամյա կին… Հարձակման հետևանքով նաև տուժել է 2 մարդ. հիվանդանոց է տեղափոխվել 79-ամյա տղամարդ՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով, 55-ամյա կինը ստացել է այրվածքներ»,-ասված է MAX հարթակում մարզպետի հաղորդագրության մեջ։
Ռազվոժաևը հստակեցրել է, որ խոցված ԱԹՍ-ները լցված են եղել խոցող տարրերով և պայթուցիկով։ Հարձակման հետևանքով, Սևաստոպոլի փրկարար ծառայության նախնական տվյալներով, այրվել է 2 մասնավոր տուն և 1 ավտոմեքենա։ 15 ավտոմեքենա և 3 մասնավոր տուն վնասվել են։
Բելգորոդի Շեբեկինո քաղաքում գտնվող ձեռնարկության տարածքին Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
«Բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած երեք տղամարդու շտապօգնության բրիգադները տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Վնասվել է երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը հրդեհվել է»,-ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, քաղաքում երկրորդ դրոնի ընկնելու հետևանքով վնասվել է բակային շինության տանիքը, իսկ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում դրոնը պայթել է սոցիալական օբյեկտի կողքին, վնասվել են ապակիները։
ԱԹՍ-ի հարձակում են հետ մղել Ուֆայում։ Ինչպես հայտնել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը, արդյունաբերական գոտու տարածքում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով ծխածածկ է առաջացել։ Զոհեր և տուժածներ չկան։
Եվս երեք մարդ տուժել է Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով։ Տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ վիրավորում են ստացել 45 և 39 տարեկան տղամարդիկ։ Եվս մեկ տուժած քաղաքացիական անձ գիշերը օգնության համար դիմել է հիվանդանոց։ Զոհեր չկան։

