Իրանական նախաձեռնությունները Հայաստանի համար. կլինի՞ գործնական արդյունք

Հուլիսի 21-23-ին «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնը Երևանում Իրանի դեսպանատան հետ համատեղ Կապանում անցկացրել է փակ փորձագիտական սեմինար՝ իրանցի մասնագետների մասնակցությամբ, «Իրան-հայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո» թեմայով:

Քննարկման առանցքում եղել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ տնտեսությանը, էներգետիկային, տրանսպորտային հաղորդակցություններին և տեղեկատվական փոխգործակցությանը:

Միջոցառման մասնակիցները չեն շրջանցել նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը Հարավային Կովկասում: Երևանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անդրադարձել են Հարավային Կովկասում բնապահպանական փոփոխություններին և աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներին՝ նշելով ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար Իրանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերությունները նոր իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտությունը:

Բաքվի մեկնաբան Հայալ Բաշիրովի կարծիքով՝ Կապանում հանդիպման անցկացումը վկայում է Հարավային Կովկասում գործընթացների վրա ակտիվ ազդեցություն պահպանելու Թեհրանի ձգտման մասին. իբր Իրանը մտահոգված է Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարով, քանի որ կարծում է, որ այդ նախագծի իրականացումը կարող է նվազեցնել դրա տարանցիկ նշանակությունը:

Միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ արևելագետ Սերգեյ Մելքոնյանի գրառումից հետևում է՝ «ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները, որոնք պարունակում են իբր «ինսայդերական» տեղեկատվություն, նույնիսկ մեկ տոկոսով չեն արտացոլում քննարկման իրական բովանդակությունը և բացառապես դրանց հեղինակների երևակայության արդյունքն են: Իսկ հոդվածների քննադատական բնույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»։

Պետք է նկատել՝ հայ-իրանական շփումները վերջին շրջանում ակտիվացել են ոչ միայն փորձագիտական մակարդակով։ Սյունիք կատարած այցի շրջանակներում Շիրղոլամին եղել է «Նորավան» ենթակայանում, որը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման երրորդ ծրագրի մասն է։

Դիվանագետը ծանոթացել է ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, արձանագրված առաջընթացին, ինչպես նաև իրականացման նոր փուլին։ Բարձր գնահատելով պատասխանատու անձանց ջանքերը՝ նա ընդգծել է ծրագրի իրականացման գործընթացի արագացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին կոչ արել ավելի շատ ջանքեր գործադրել այն ժամանակին ավարտելու համար։

Ենթակայանը Իրանի և Հայաստանի միջև 1100 մեգավատտ հզորությամբ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի մաս է։ 270 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծը սկսվում է իրանական սահմանի Նորդուզից և ձգվում մինչև Երևան։ Իսկ վերջերս իրանցիները նոր առևտրային սխեմա են առաջարկել Հայաստան բնական գազի մատակարարումների ավելացման համար․ այդ մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը՝ Թեհրանում նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանդիպման արդյունքներով։

Իրանցի նախարարն ընդգծել է, որ երկրների միջև ներկայիս էներգետիկ համագործակցությունը վաղուց իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման սկզբունքով, սակայն Թեհրանը գազի արտահանման ծավալների մեծացմանն ուղղված այլընտրանքային մոդել է առաջ քաշել: Բացի այդ, Փաքնեժադի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և հնարավորինս շուտ սկսել դրա աշխատանքը, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլում կոնկրետ արդյունքներ ստանան գնահատման համար:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «էներգետիկ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները՝ էներգամթերքների երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժիներինգային ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման հզորությունների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումը»: Պայմանավորվածությունների կամ համատեղ նախագծերի մանրամասները պաշտոնապես դեռ չեն պարզաբանվում։

Այնտեղ էլ կողմերը «պայմանավորվել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ և առաջարկել են հնարավորինս շուտ սկսել դրա աշխատանքը, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները»,- հայտարարել է Փաքնեժադը՝ հստակեցնելով, որ մինչ այժմ այս ոլորտում երկու երկրների գործընկերությունը «երկար տարիներ գործել է գրեթե բացառապես «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով, բայց այժմ Իրանը Հայաստանին առաջարկել է նոր առևտրային մոդել՝ ուղղված բնական գազի արտահանման ընդլայնմանը»։

Մանրամասները նույնպես դեռևս չեն հանրայնացվում, սակայն հայտնի է, որ նախնական խոսքը վերաբերում է Հայաստանի մի շարք ճյուղերի և դրա կոմունալ-կենցաղային հատվածի համար իրանական գազի մատակարարումներին, ինչպես նաև Հայաստանից Իրան նոր «գազաէլեկտրական» ՕՀԳ-ի (օդային հաղորդման գծի) ստեղծմանը (երկու ՕՀԳ-ներ արդեն ավելի քան 10 տարի Իրանին մատակարարում են իրանական գազից արտադրվող էլեկտրաէներգիա)։

Փաքնեժադը բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Իրանին ներկա դժվարին ժամանակներում։ Իրանի դեմ պատժամիջոցների և Հարավային Կովկասում տիրող բարդ իրավիճակի պայմաններում Հայաստանը Թեհրանի համար մնում է հուսալի գործընկեր:

Իրանի ճանապարհների նախարար Ֆարզանե Սադեղը հայ գործընկերոջ հետ քննարկել է սահմանին՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, որը կբարձրացնի թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցությանը: Միաժամանակ Սյունիքի մարզում շարունակվում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը, որին Իրանը զգալի մասնակցություն է ունենում: Այս երթուղին Իրանը կապում է Հայաստանի, այնուհետև՝ Վրաստանի և Ռուսաստանի հետ։

Այնուհետև Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Դավիթ Խուդաթյանը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման 12-ամյա ծրագրի իրականացման արագացման և ավարտի անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշել են շարունակել համագործակցությունը՝ ծրագրի իրականացումն արագացնելու համար:

Իրանի էներգետիկայի նախարարը բարձրացրել է 200 մեգավատտ հզորությամբ «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի համատեղ կառուցման հարցը (սահմանամերձ Արաքսի վրա), իսկ հայկական կողմը, վկայակոչելով «ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է այդ էլեկտրակայանի կառուցման հարցում համագործակցելու պատրաստակամության մասին»: Ալիաբադիի խոսքով՝ «Օմանում մի ընկերություն հայտարարել է «Մեղրի» էլեկտրակայանի կառուցման նախագիծը ֆինանսավորելու և իրականացնելու պատրաստակամության մասին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծման հարցը: Թեհրանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ պատրաստ է, որպեսզի Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցումն իրականացվի իրանական ընկերությունների կողմից:

Հանդիպման շրջանակներում էներգետիկայի նախարարը, նշելով, որ Իրանն ու Հայաստանը «երկու հարևան, եղբայրական երկրներ են՝ բարեկամական հարաբերությունների և համագործակցության երկար պատմությամբ», պարզաբանել է, որ «մեզ հետաքրքրող ամենակարևոր նախագծերից մեկն Իրանի էլեկտրացանցը հյուսիսային երկրների հետ (նկատի ունենալով Կովկասի հարևաններին. խմբ.) միացնելն է, և Հայաստանն այս երթուղու հիմնական օղակներից մեկն է։

Հայաստանից բացի, այս ծրագրին մասնակցում են նաև այլ երկրներ, և մենք քննարկում ենք Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը միացնող նախագիծ գործարկելու հնարավորությունը»։

Երևանի համար Իրանի հետ համագործակցության խորացումը հնարավորություններ է բացում էներգառեսուրսների և տրանսպորտային ուղիների մատակարարումների դիվերսիֆիկացման համար, իսկ Իրանի և Հյուսիսային շուկաների միջև տարանցիկ միջանցքի վերածվելը տեսականորեն կարող է կայուն եկամուտների և աշխարհաքաղաքական կշռի աղբյուր դառնալ:

Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը, ինչը համընկնում է տարածաշրջանային էներգետիկ շուկայում իր ներկայությունն ընդլայնելու Իրանի մտադրության հետ, այդ կապակցությամբ նկատում է «Зангезурский гамбит» տելեգրամյան ալիքը: Առայժմ միայն քննարկվում է այն գաղափարը, որի իրագործումն «անհնար է՝ առանց էներգետիկ ենթակառուցվածքներում լուրջ ներդրումների և բոլոր մասնակիցների միջև տեխնիկական համակարգման։ ..․Եթե խոսքն իսկապես գնում է այն երթուղու մասին, որը պետք է միացնի Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը, անխուսափելիորեն առաջանում է բոլոր կողմերի քաղաքական կամքի հարցը։

Ցանկացած նման նախագիծ պահանջում է համաձայնեցված որոշումներ, քանի որ շոշափում է միանգամից մի քանի պետությունների շահերը։ Ընդ որում, նման հայտարարությունների ի հայտ գալու փաստը ցույց է տալիս, որ Իրանը Հայաստանին դիտարկում է ոչ միայն՝ որպես հարևան, այլ նաև՝ Հարավային Կովկասի պոտենցիալ էներգետիկ հանգույց»:

Եթե այդ հայեցակարգը գործնական զարգացում ստանա, Հայաստանի դերը տարածաշրջանային էներգետիկայում կարող է մեծանալ, սակայն «այսօր կարևոր է հեռանկարը չփոխել իրականությամբ։ Առայժմ սա քաղաքական նախաձեռնություն է և բանակցությունների առարկա, այլ ոչ թե պատրաստի միջազգային նախագիծ։

Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք ներկայիս հայտարարությունները կվերածվեն կոնկրետ համաձայնագրերի, ենթակառուցվածքների կառուցման և իրական ներդրումների, թե՞ կմնան հերթական գեղեցիկ աշխարհաքաղաքական գաղափարը»։

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031