ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսումը խաթարում է միջնորդների ջանքերը և խաղաղ կարգավորման հեռանկարները, ուստի բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: Այս մասին Մանիլայում հայտարարել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները:

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության, մասնավորապես, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք, որ այդ իրադարձությունները լրջորեն խաթարում են հիմնական միջնորդների ընթացիկ ջանքերը և նվազեցնում են երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղ կարգավորման հեռանկարները», – ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

Այդ առնչությամբ, նշել են արտաքին գործերի նախարարները, բոլոր կողմերը պետք է «դրսևորեն առավելագույն զսպվածություն և խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել իրադրությունը»:

Բացի այդ, նրանք նաև մտահոգություն են հայտնել «ցանկացած խտրական կամ միակողմանի միջոցների առումով, որոնք կարող են խոչընդոտել նավերի անցմանը Հորմուզի նեղուցով կամ ցանկացած  այլ նեղուցով կամ դժվարացնել այն», ինչպես նաև նշել են հակամարտության երկարաժամկետ հետևանքներն ԱՍԵԱՆ-ի երկրների բնակչության համար: Այդ հետևանքները, ըստ հայտարարության, վերաբերում են «տարածաշրջանային առևտրին, էներգետիկային և պարենային անվտանգությանը, ներառյալ էներգետիկ շուկաներն ու մատակարարումների շղթաները, գյուղատնտեսական արտադրությունը և գյուղատնտեսական միջոցների, հատկապես, պարարտանյութերի մատակարարման շղթաների կայունությունը»։

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են  հանձնառությունն՝ արտակարգ օգնություն ցուցաբերելու ասոցիացիայի երկրների քաղաքացիներին, «հատկապես այսպիսի ժամանակներում»։

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Դրա հետ կապված միջոցառումները, այդ թվում՝ գործընկեր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ, կշարունակվեն մինչև հուլիսի 24-ը։

ԱՍԵԱՆ-ն ստեղծվել է 1967 թվականին։ Կազմակերպության մեջ է մտնում 11 երկիր՝ Բրունեյը, Արևելյան Թիմորը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031