«Կանգնած էի մի հսկայական, մռայլ դահլիճում. հանկարծ բացվեց դահլիճի երկաթե դուռը. զարմացա. ներս մտնողը Նիկոլ Փաշինյանն էր». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Այս գիշեր տարօրինակ երազ տեսա, որը, ըստ էության մի թեթև պատմաքաղաքական էքսկուրս էր՝ տպավորիչ ու չափազանց խորքային։

Կարծես ես կանգնած էի մի հսկայական, մռայլ դահլիճում։ Պատերը ծածկված էին աշխարհի հին քարտեզներով, որոնց վրա սահմանները շարունակ շարժվում էին, անհետանում ու նորից հայտնվում։ Դահլիճում ժամացույցներ կային, բայց նրանցից ոչ մեկը նույն ժամը չէր ցույց տալիս։ Օդում խոնավության ու հին թղթի հոտ էր, իսկ հեռվում լսվում էր ծանր քայլերի արձագանքը։

Հանկարծ ճռռոցով բացվեց դահլիճի երկաթե դուռը։

Զարմացա։ Ներս մտնողը Նիկոլ Փաշինյանն էր։ Վերջինս շփոթված նայեց շուրջը, կարծես չէր հասկանում, թե որտեղ էր հայտնվել։

Դահլիճի մյուս ծայրում՝ պատուհանի մոտ, մեջքով կանգնած էր մի ծեր մարդ՝ մարշալի համազգեստով։ Նրա ուսերին փայլում էին աստղերը, ձեռքին՝ մարշալի գավազանը։ Մի քիչ սպասելուց հետո, երբ անցան խեղդող վայրկյաները, նա դանդաղ շրջվեց։

-Ահա վերջապես եկար,-ցածր ձայնով ասաց նա։

Նիկոլը մի պահ լռեց։

-Ներեցեք… մենք ճանաչո՞ւմ ենք իրար։

Ծերունին թեթև ժպտաց։

-Ոչ, իհարկե, դու ինձ երբեք չես տեսել, բայց պատմությունը մեզ հաճախ է նստեցնում նույն սեղանի շուրջ։

-Իսկ ո՞վ եք դուք։

-Ես Անրի Ֆիլիպ Պետենն եմ։

Դահլիճում այնպիսի լռություն տիրեց, որ թվում էր՝ նույնիսկ ժամանակն էր կանգ առել։

Նիկոլի դեմքին սկզբում անորոշություն երևաց, հետո՝ ճանաչման նշույլ։

-Վիշիի… Ֆրանսիայի ղեկավար…,-կարկամեց Նիկոլը։

Պետենը գլխով արեց։

-Այո՛։ Մի մարդ, որի անունը մինչ օրս շատերը կապում են կապիտուլյացիայի, համագործակցության և այն պատրանքի հետ, թե զիջելով՝ կարելի է փրկել պետությունը։

Նա դանդաղ մոտեցավ Նիկոլին։

-Գիտե՞ս, պատմությունն ունի մի դաժան սովորություն. տարբեր ժամանակներում ապրած մարդկանց երբեմն միևնույն հարցն է տալիս։

-Իսկ ո՞րն է այդ հարցը,-կամաց հարցրեց Նիկոլը։

Պետենը երկար նայեց նրան։

-Ի՞նչն է ավելի վտանգավոր. կորցնել պատերազմը, թե կորցնել ժողովրդի հավատը, որ հայրենիքն արժե պաշտպանել…

Պետենի վերջին հարցից հետո դահլիճը կրկին լռեց։ Այնպիսի լռություն էր, որ թվում էր՝ պատերից կախված քարտեզներն էլ էին սպասում պատասխանին։

Նիկոլը մի պահ մտածեց, հետո ուսերը թեթև շարժեց։

-Երբեմն պետությունը փրկելու համար պետք է ընդունես իրականությունը։ Ժամանակները փոխվում են, հնարավորությունները՝ նույնպես։

Պետենը չպատասխանեց։ Նա դանդաղ քայլեց դեպի պատին կախված մի հսկայական քարտեզ։ Սկզբում քարտեզի վրա երևաց 1940 թվականի Եվրոպան, Ֆրանսիայի կեսը ներկվեց մոխրագույնով, հետո նույն քարտեզը հալվեց մոմի պես ու նրա տեղում հայտնվեց Հարավային Կովկասը։

-Տեսնո՞ւմ ես,-ասաց նա։ Գիտես՝ քարտեզները երբեք առաջինը չեն մեռնում։ Որպես կանոն՝ առաջինը մեռնում է մարդկանց հավատը, հետո միայն սահմաններն են փոխվում։

Նիկոլը մոտեցավ քարտեզին։

-Բայց եթե ուժ չունես, ինչպե՞ս պետք է պայքարես։

Պետենը շրջվեց։

-Հետաքրքիր է… նույն հարցը ես էլ էի տալիս ինքս ինձ ու իմ շրջապատին։ Մեզ թվում էր՝ ընտրությունը շատ պարզ է. կամ զիջել և ինչ-որ բան պահել, կամ դիմադրել ու ամեն ինչ կորցնել։

Նա մի պահ լռեց։

-Բայց տարիներ անց հասկացա, որ պատմությունը բոլորովին այլ «հաշվապահություն» ունի։ Նա հաշվում է ոչ միայն այն, ինչ կորցրել ես, այլ նաև այն, ինչ սովորեցրել ես քո ժողովրդին։

Դահլիճի առաստաղից հանկարծ սկսեցին իջնել հարյուրավոր թղթեր։ Դրանք սովորական թղթեր չէին։ Յուրաքանչյուրի վրա գրված էր մեկ բառ՝ «Հայրենիք», «Պատիվ», «Արժանապատվություն», «Զիջում», «Խաղաղություն», «Վախ», «Պատասխանատվություն»։

Թղթերը դանդաղ պտտվում էին օդում։

Պետենը մեկնեց ձեռքը, բռնեց «Խաղաղություն» գրությամբ թուղթն ու ցույց տվեց Նիկոլին։

-Խնդրեմ՝ ամենավտանգավոր բառերից մեկն է։

– Ինչո՞ւ։

-Որովհետև խաղաղությունը սուրբ նպատակ է, բայց երբ այն դառնում է ցանկացած գնով արդարացում, սկսում է ծառայել ոչ թե կյանքին, այլ վախին։ Ցավոք ես դա շատ ուշ հասկացա։

Նիկոլը նայեց թղթին, հետո՝ մյուսներին։

-Իսկ եթե ժողովուրդը պատերազմից հոգնած է։

-Ժողովուրդները միշտ էլ հոգնում են պատերազմներից,-պատասխանեց Պետենը,-բայց պատմությունը երբեք չի հոգնում գնահատական տալուց։

Նա նորից մոտեցավ քարտեզին։

-Գիտե՞ս, ես երկար տարիներ համոզված էի, որ ժամանակը կարդարացնի ինձ։ Ասում էի՝ մի օր կհասկանան, թե ինչու արեցի այն, ինչ արեցի։ Բայց այստեղ…

Նա մատով ցույց տվեց դահլիճը։

– …այստեղ ժամանակը չի արդարացնում ոչ մեկին։ Այստեղ միայն հիշողությունն է դատում։

Հանկարծ դահլիճի խորքից լսվեց ծանր զանգի ձայնը։

Քարտեզները սկսեցին անհետանալ։ Նրանց տեղում հայտնվեցին մարդկային դեմքեր։ Զինվորներ, ծերեր, կանայք, երեխաներ։ Ոմանք ժպտում էին, ոմանք լուռ էին, ոմանք պարզապես նայում էին։

Պետենը շշնջաց.

-Սրանք այն մարդիկ են, որոնց անունները ոչ ոք չի հիշում։ Բայց հենց նրանք են գրում վերջնական դատավճիռը յուրաքանչյուր ղեկավարի համար։ Ո՛չ դատարանները, ո՛չ խորհրդարանները, ո՛չ օտար պետությունները։ Միայն ժողովրդի պատմական հիշողությունը։

Նիկոլն առաջին անգամ լռեց երկար։

-Ուրեմն… հնարավո՞ր է փախչել այդ դատից։

Պետենը թեթև ժպտաց։ Այդ ժպիտի մեջ հաղթանակ չկար, միայն հոգնածություն։

-Ես էլ էի կարծում, թե հնարավոր է։ Ոմանք փորձում են փոխել դասագրքերը, ուրիշները՝ քարտեզները, երրորդները՝ բառերի իմաստը։ Բայց կա մի բան, որ ոչ ոք երբեք չի կարող վերաշարադրել։

-Ի՞նչ։

-Ժամանակը։

Դահլիճի բոլոր ժամացույցները հանկարծ միաժամանակ սկսեցին աշխատել։

Տիկ… Տակ… Տիկ… Տակ…

Պետենը փակեց աչքերը։

-Երբ այդ ձայնը սկսում ես լսել, արդեն ուշ է լինում։

Այդ պահին ամեն ինչ սկսեց մթնել։ Քարտեզները, դեմքերը, ժամացույցները, նույնիսկ Պետենի կերպարը կարծես լուծվեցին խավարի մեջ։

Ես սթափվեցի։

Առավոտ էր։

Բայց դեռ երկար ժամանակ ականջներումս նույն ձայնն էր հնչում.

Տիկ… Տակ…

Ու թվում էր՝ դա ոչ թե ժամացույցի ընթացքն էր, այլ պատմության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031