ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները պառակտվել են Իսրայելին ցուցաբերվող ռազմական օգնության հարցում․ AP
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամների ավելի քան կեսը դեմ է քվեարկել ազգային անվտանգության ծախսերի մասին օրինագծի շրջանակներում Իսրայելին 3,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն։ Այս մասին հայտնել է «Associated Press» (AP) գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի 212 դեմոկրատներից 104-ը փորձել են հասնել Իսրայելին տրամադրվող օգնության ծախսերի կրճատմանը՝ ազգային անվտանգության ծախսերի մասին օրինագծում փոփոխություններ կատարելու միջոցով։ Հաշվի առնելով ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ձայները՝ օրինագիծը մերժվել է 314 դեմ, 104 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Այդուհանդերձ, ինչպես նշում է AP-ն, դեմոկրատների գործողությունները վկայում են կուսակցության ներսում առկա խորը պառակտման մասին՝ կապված Իսրայելին և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը աջակցելու հարցերի հետ։
Դեմոկրատական կուսակցությունն ավանդաբար կողմ է արտահայտվել Իսրայելին աջակցելուն, նշում է գործակալությունը։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին՝ Գազայի հատվածում, Լիբանանում և Իրանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, կուսակցության ձախ թևն ուժեղացել է և սկսել է ավելի ակտիվորեն հանդես գալ իսրայելական արտաքին քաղաքականությանն աջակցելու դեմ։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր ամերիկացի վեց սենատորներից բաղկացած խմբի նամակի մասին, որով նրանք իրենց գործընկեր դեմոկրատներին կոչ էին անում արգելափակել ազգային պաշտպանության ծախսերի մասին օրինագծի քննարկումը՝ դրանում ներառված Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու նախաձեռնությունների պատճառով։

