«Եթե ցանկանայի, Սերբիան վաղուց ՆԱՏՕ-ի անդամ կլիներ». Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը կարող էր անհապաղ անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե ինքը նման ցանկություն հայտներ։ Այնուամենայնիվ, Բելգրադը հաստատակամ է՝ պահպանել ռազմական չեզոքություն և խուսափել հակամարտություններում ներքաշվելուց։
«Գիտե՞ք, ես վարում եմ այն քաղաքականությունը, որը խոստացել եմ իմ ժողովրդին՝ ռազմական չեզոքության քաղաքականությունը։ Ես Սերբիան չեմ ներքաշի որևէ հակամարտության մեջ… Եթե ես ցանկանայի, որ մենք անդամակցեինք ՆԱՏՕ-ին, մեզ անմիջապես կընդունեին», – Փարիզում սերբ լրագրողների հետ զրույցում ընդգծել է Վուչիչը։
Նա նաև շեշտել է, որ մերժել է Սերբիայի ընդգրկումը այսպես կոչված «կամավորների կոալիցիայում»՝ արևմտյան երկրների այն խմբում, որն աջակցում է Ուկրաինային և դիտարկում է իր մասնակցությունը ուկրաինական տարածքում խաղաղապահ առաքելությանը։
Նշենք, որ Վուչիչը Փարիզում է գտնվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Սերբիան հրավիրվածների թվում միակ երկիրն է, որը ոչ ԵՄ, ոչ ՆԱՏՕ-ի և ոչ էլ «կամավորների կոալիցիայի» անդամ չէ։ Երեքշաբթի օրը Սերբիայի նախագահը ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված զորահանդեսին, սակայն սերբական զորքերը դրան չեն մասնակցել։

