Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը
Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ լրագրող Լիլիթ Աղեկյանի գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատավճիռը։
Դատախազը պահանջել էր Աղեկյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք՝ նրան մեղադրելով ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություն օգտագործելու համար։
Լիլիթ Աղեկյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ գործը վերաբերում է խոսքի ազատության իրավունքի իրացմանը: Դատարանը չբավարարեց դատախազի՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու պահանջը։ Դատարանը նրա նկատմամբ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում, և լրագրողը մնաց ազատության մեջ։
Հիշեցնենք, որ գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ քրեական գործընթացները սկսվել էին 2025 թվականին։ Նա ձերբակալվել էր և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել։ Քննչական մարմնի հաղորդմամբ՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Ավելի ուշ Աղեկյանի նկատմամբ քննարկվել են նաև այլ դրվագներ։ Մասնավորապես, նրան մեղադրել են ոստիկանի հասցեին վիրավորական բնույթի արտահայտություններ օգտագործելու համար՝ կապված հրապարակումների և արտահայտությունների հետ։
Պաշտպանական կողմը պնդել է, որ գործերը կապված են նրա լրագրողական գործունեության և խոսքի ազատության իրավունքի հետ։

