ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել. ի՞նչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ–ն գիշերը հզոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցմները։ Ամերիկյան 3–րդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է 5 ժամ:
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 13–ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել էր Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին: Թրամփն ասել էր, որ «գիշերը շատ ուժեղ հարվածներ կհասցվեն» Իրանին։ ԱՄՆ–ն հայտարարել էր նաև Հորմուզի նեղուցի շրջափակումը վերսկսելու մասին։
Նշվում է, որ երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում գտնվող իրանական Ղեշմ կղզում, պայթյուններ են եղել Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում և այլ քաղաքներում: Հարձակման է ենթարկվել իրանական Կանակ (Քոնարաք) քաղաքը:
Իրանական Press TV-ն հայտնել է, որ Իրանի բանակն իր հերթին հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան թիրախներին. կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցվել Քուվեյթում ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot ՀՕՊ համակարգին, դիսպետչերական աշտարակին, զինամթերքի պահեստին:
Նշվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազան․ հարվածը հասցվել է մի քանի զինապահեստների, արբանյակային կապի կենտրոնին և այն շենքին, որտեղ բնակվում էին ամերիկյան զինվորականները։
Լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ ԱՄԷ-ի (Արաբական Միացյալ Էմիրություններ) երկու լցանավ է Հորմուզի նեղուցում ենթարկվել Իրանի զինված ուժերի հարձակման․ զոհվել է անձնակազմի 1 անդամ (Հնդկաստանի քաղաքացի), ևս 8–ը վիրավորվել են: ԱՄԷ–ի պաշտպանության նախարարությունը դա անվանել է լկտի հարձակում։
Գիշերային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է հայտարարել, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ բան անելու բոլոր հնարավորությունները»:

