Լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել
Վերջին օրերին լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, իրենց կողմից ամենօրյա մոնիթորինգի ենթարկվող շուկաներում ապրանքների թանկացում չի դիտվել, այդ թվում՝ ալյուրի և վառելիքի: Ահազանգեր չեն ստացվել նաև ՏՄՊՊՀ թեժ գծով:
Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ն կանխատեսումներ չի անում, թե հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներն ինչ ազդեցություն կունենան մյուս շուկաների վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մինչև 10 հազ. խմ սպառողների համար 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով (132 դրամից դարձել է 156 դրամ), իսկ հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի համար վճարելու ենք 8 դրամով ավելի (38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն)։
Այս թանկացումները տարբեր ապրանքային շուկաներում, բնականաբար, տարբեր ազդեցություն կունենան, գուցե որոշ դեպքերում արտադրողներն իրենց շահույթի նվազեցման հաշվին գին չբարձրացնեն, սակայն դա քիչ հավանական է: Արդեն հունիսին սպառողական ապրանքների 12-ամսյա գնաճը 6.5% է և գերազանցում է թույլատրելի մակարդակը 4±1.5 %-ը: