Լեհաստանի ընդդիմությունը Սեյմում բանաձև է ներկայացրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ
Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը որոշել է Սեյմի քննարկմանը ներկայացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ բանաձևի նախագիծ։ Այս մասին հայտարարել է այդ կուսակցությունից վարչապետի թեկնածու Պրշեմիսլավ Չարնեկը:
Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, այդ որոշման պատճառը Ուկրաինայի կողմից Վոլինյան կոտորածի մեղավորների հերոսացումն է:
«Այս բանաձևով բացի զոհերի հիշատակը հավերժացնելուց մենք պահանջում ենք, որ կառավարությունը ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք խոչընդոտում են Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրման զարգացմանը: ԵՄ-ն չի կարող հիմնվել քրիստոնեական և եվրոպական արժեքներին հակասող գաղափարախոսության վրա։ ԵՄ–ում մեջ չի կարող լինել մի պետություն, որը բացահայտ փառաբանում է ամենասարսափելի ժառանգությունը», – հայտարարել է Չարնեկը Լյուբլինում Վոլինյան ջարդերի զոհերի հուշարձանի մոտ կայացած մամուլի ասուլիսում։
«Իրավունք և արդարություն» կուսակցությունը պահանջում է, որ բանաձևը քննարկվի Սեյմի հաջորդ նստաշրջանում, որը նախատեսված է հուլիսի 15-17-ը։
Հուլիսի 11-ը համարվում է 1943 թվականի իրադարձությունների գագաթնակետը, որոնք կոչվում են Վոլինի կոտորած։
Այդ օրը ուկրաինացի ազգայնականները միաժամանակ հարձակվել են մոտ 150 լեհական գյուղերի վրա։ Լեհ պատմաբանները Վոլինի կոտորածը գնահատում են որպես ցեղասպանություն և էթնիկ զտումներ և հայտարարում են, որ տարբեր տվյալներով` մահացել է 100 հազարից մինչև 130 հազար մարդ:

