Նախագահական ընտրությունները շրջադարձային պահ են Իրանի պատմության մեջ. Հասան Ռոուհանի
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում չինովնիկների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում Իրանում անցկացված նախագահական ընտրությունները շրջադարձային պահ են Իրանի պատմության մեջ:
Ռոուհանին բարձր է գնահատել իրանցիների զանգվածային մասնակցությունն ընտրություններին՝ ընդգծելով, որ իսլամական համակարգի իրավական հիմքերն ուղղված են մարդկանց: Ռոուհանին ընդգծել է ազգային տնտեսությունը պետք է ղեկավարվի ժողովրդի կողմից՝ կառավարության վերահսկողության ներքո:
Նա հավելել է, որ նույնը պետք է ասել նաև մշակույթի պարագայում. «Իրանի ժողովուրդը մշտապես հավատարիմ է չափավորությանը և խուսափել է ծայրահեղականությունից: Նախագահական ընտրությունների ժամանակ մարդիկ ապացուցին, որ փնտրում են արդարություն, էթիկա, չափավորություն ու սեփական իրավունքների պահպանում: Հաջորդ վարչակազմը գործելու է օրենքի հիման վրա, և ոչ ոք չպետք է վեր լինի օրենքից»:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են այս տարվա հունիսի 14-ին: Դրանցում Հասան Ռոուհանին հավաքել է քվեների 50.7 տոկոսը՝ հաղթելով նախագահական ընտրությունների առաջին փուլում: