Գյումրիի մասով մի՛ շտապեք. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատարանի բակում՝ դատական նիստից առաջ, ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ խոսեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին։
«Ապօրինությունները շարունակվում են»,- հակիրճ ասաց Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ այս գործընթացներն ինչպե՞ս են ազդում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների վրա, Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար այդ վտանգն իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այ, Գագիկ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, էդ մարդու չուչելներին էլ գողացան, դե առյուծներին ոչինչ, հետները ԱԺ կտանեն, բայց չուչելները չհասկացա` ինչու տարան»։
Խոսելով փողոցային պայքարի հնարավորությունների մասին, Սամվել Կարապետյանն ասաց՝ ասել է, որ փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ ու վերջնական։
«Դրա համար մի քանի տրիգերներ են պետք, մենք ուշադիր ենք լինելու, այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ԱԺ-ում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի»,- շեշտեց նա։
Խոսելով նախկինում դատարանի բակում իր արած հայտարարության մասին, Սամվել Կարապետյանն ասաց.
«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ «զապարոժեց» էր կանգնած՝ ոչ մի գազ չվերցրեց»։
Նա նաև ասաց, որ քայլ առ քայլ ամեն ինչ անում են, այս պահին 5 ընդդիմադիր ուժերով են հայտարարություն արել, դրանից հետո կլինեն հաջորդ քայլերը։ Հերթով, քայլ առ քայլ առաջ են գնալու։
Սամվել Կարապետյանն ուղղորդված քննադատություններ որակեց այն հայտարարությունները, որոնցով քննադատում են ընդդիմությանը՝ մանդատները վերցնելու համար։ Այդ քննադատություններին «Ուժեղ Հայաստանը» բացարձակ նշանակություն չի տալիս, քանի որ հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին թեման դնել շրջանառության մեջ, մտածելով, թե ընդդիմությունը կտրվի սադրանքների։
Ինչ վերաբերում է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից մանդատը վերցնելուն և հարցին, արդյո՞ք դրանով Գյումրիում կոլապս չի առաջանա, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Գյումրիի մասով մի քիչ շատ եք շտապում, օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

