Բացահայտվել են ձմերուկի օգտակար և վնասակար հատկությունները
Չնայած ձմերուկը համարվում է ամառվա ամենաօգտակար մրգերից մեկը, որոշ մարդկանց համար դրա օգտագործումը կարող է վնասակար լինել։ Այս մասին հայտնել է գաստրոէնտերոլոգ, «Гемотест» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Եկատերինա Կաշուխը։
Մասնագետի խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։
Սակայն, ինչպես նշել է բժիշկը, նույնիսկ օգտակար մթերքները պետք է օգտագործել չափավոր։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
Միաժամանակ Կաշուխը զգուշացրել է, որ որոշ դեպքերում ձմերուկից ավելի լավ է հրաժարվել։ Այն խորհուրդ չի տրվում ալերգիա ունեցողներին, շաքարային դիաբետով հիվանդներին, երիկամների հիվանդություններ կամ պանկրեատիտ ունեցող անձանց, ինչպես նաև գեստոզով հղիներին։

