Իշխող կուսակցության ջանքերով, արդարադատությունը վերջին տարիներին էապես թանկացել է ժողովրդի լայն խավերի համար․ Վահագն Դալլաքյան

Փաստաբան Վահագն Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Հայաստանում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ նրանց, ովքեր ունեն փող, նրանց, ովքեր ունեն կապեր…»:

Այս միտքն այսօր արտահայտել է վարչապետը՝ հրապարակային մի ելույթի ժամանակ։ Թվում է՝ արդարացի միտք է։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է արել ութ տարի իշխող կուսակցությունը՝ արդարադատությունը ժողովրդի լայն խավերին հասանելի դարձնելու համար։ Եվ արդյո՞ք արել է, թե՞ հակառակն է արել։
Իշխող կուսակցությունը 5 տարի առաջ բարձրացրել է դատարան դիմելու պետական տուրքի չափերը դրամական վեճերով. առաջին ատյանում 3 տոկոս՝ նախկին 2 տոկոսի փոխարեն, վերաքննիչում՝ 4 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն, և վճռաբեկում՝ 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։ Բոլոր երեք ատյաններում միասին՝ 12 տոկոս՝ նախկին 8 տոկոսի փոխարեն։

Ինչպե՞ս է սա ազդում, օրինակ, Արսեն անունով միջին խավի մի քաղաքացու վրա, որն իր աշխատավարձով հիպոթեքային վարկ է վերցրել և կառուցապատողից բնակարան է գնել։ Եթե կառուցապատողն ուշացնի շինարարության ավարտը, և մեր ընկեր Արսենը որոշի պայմանագրով սահմանված, օրինակ, 4 միլիոն դրամ տույժ պահանջել կառուցապատողից, ապա դատարաններում նա աչքի տակ պետք է ունենա 480,000 դրամի ծախս՝ նախկին 320,000 դրամի փոխարեն։ Թանկացում 160,000 դրամով կամ 50 տոկոսով։ Կամ, եթե Արսենը կառուցապատողի ուշացումների պատճառով ստիպված լինի բնակարան վարձել, ծախսերի տակ ընկնի ու չկարողանա վարկը մարել, բանկն է դիմելու դատարան նրա դեմ, և բանկի վճարած պետական տուրքերը վերջում կրկին դրվելու են Արսենի վրա՝ գումարվելով վարկին։

Իսկ ինչպե՞ս է այս փոփոխությունն ազդում խոշոր բիզնեսի («էլիտայի») վրա։ Ենթադրենք՝ խոշոր բիզնեսմենն ունի մի խոշոր դատական վեճ՝ 4 միլիարդ դրամի վերաբերյալ (մոտ 10 միլիոն դոլար)։ Արդյո՞ք նա պետք է աչքի տակ ունենա 4 միլիարդի 12 տոկոսը՝ 480 միլիոն դրամ, որպես պետական տուրք։ Պարզվում է՝ ոչ։ Որովհետև նույն օրենսդրական փոփոխությամբ նաև սահմանվել են պետական տուրքի վերին շեմեր․ առաջին ատյանում՝ 25 միլիոն դրամ, վերաքննիչում՝ 15 միլիոն, վճռաբեկում՝ 10 միլիոն։ Այսինքն, այս խոշոր բիզնեսմենն իր աչքի տակ պետք է ունենա ոչ թե 480 միլիոն դրամի, այլ միայն 50 միլիոնի ծախս։ Այլ կերպ ասած՝ իր 4 միլիարդ պահանջի ոչ թե 12, այլ 1.25 տոկոսը։ Իհարկե, 50 միլիոնն էլ աննորմալ մեծ պետական տուրք է, բայց դա ուրիշ պատմություն է։

Վերադառնանք մեր Արսենին։ Նա, իհարկե, պարտավոր չէ իրավաբան լինել, ու դատարան դիմելու համար ստիպված է օգտվել փաստաբանի ծառայություններից։ Ենթադրենք՝ փաստաբանն իր աշխատանքի համար պահանջում է մաքուր 380 հազար դրամ՝ մոտ 1000 դոլար։ Դեռ երկու-երեք տարի առաջ փաստաբանն իր հարկերը վճարելու համար այդ գումարին ավելացնելու էր միայն 20 հազար դրամ, քանի որ հարկվում էր 5 տոկոս շրջանառության հարկով։ Բայց երկու տարի առաջ իշխող կուսակցությունը որոշեց անգամներով բարձրացնել փաստաբանական գործունեության հարկերը՝ նրանց բոլորին, անկախ շրջանառության չափից, տեղափոխելով ԱԱՀ-ի (20%) և շահութահարկի (18%) դաշտ։ Այս պայմաններում փաստաբանն Արսենից պիտի ուզի արդեն մոտ 550 հազար դրամ, որպեսզի բոլոր հարկերի պահումից հետո իրեն մնա 380 հազար դրամ։ Այսինքն, ի վերջո հենց Արսենի, այլ ոչ փաստաբանի վրա դրվող հարկային բեռը 20 հազար դրամից դարձավ մոտ 170 հազար դրամ՝ աճելով ավելի քան 8 անգամ։

Իսկ ինչպե՞ս է ազդում հարկային այս փոփոխությունը խոշոր բիզնեսի («էլիտայի») վրա։ Եթե նա ունի իր աշխատող իրավաբանները, ապա չի ազդում, քանի որ աշխատողների եկամտահարկերը չեն փոխվել։ Եթե նա օգտվում է խոշոր իրավաբանական ընկերության ծառայություններից, ապա՝ կրկին չի ազդում, քանի որ խոշոր իրավաբանական ընկերությունը նախկինում էլ գործում էր ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտում։ Իսկ եթե նա օգտվում է ավելի փոքր փաստաբանական գրասենյակի ծառայություններից, ապա ազդում է, բայց ոչ այնքան մեծ չափով, որքան Արսենի դեպքում։ Հարցն այն է, որ խոշոր բիզնեսն ինքը ևս ԱԱՀ վճարող է և փաստաբանական գրասենյակին վճարած ԱԱՀ գումարները հետագայում հետ է ստանում պետությունից։

Ահա այսպես, իշխող կուսակցության ջանքերով, արդարադատությունը վերջին տարիներին էապես թանկացել է ժողովրդի լայն խավերի համար։ Իսկ «էլիտաների համար, ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր», այդ թանկացումները կա՛մ ավելի փոքր ազդեցություն ունեն, կա՛մ չունեն ընդհանրապես, կա՛մ էլ, երբեմն, հաշվի առնելով պետական տուրքերի վերին շեմերը, ունեն հակառակ ազդեցություն՝ դեպի էժանացում։ Հետաքրքիր ստացվեց, այնպես չէ՞։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031