«Մենք նման տեսանյութերը պետք է վերցնենք և օգտագործենք Ադրբեջանի դեմ». Հովիկ Ավանեսով

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները հայկական գերեզմանոցում մեծ սեղան բացել, հենց շիրմաքարերի մոտ կերուխում անում։

Նշվում է, որ ենթադրաբար տեսանյութն արվել է օկուպացված Արցախի ինչ-որ գերեզմանոցում, սակայն Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ուսումնասիրելով տեսանյութը՝ ասաց, որ, իհարկե, այն արված է հայկական գերեզմանոցում, բայց ոչ Արցախում, քանի որ Արցախում սովորություն չկար հանգուցյալների անունները շիրմաքարերին ռուսերենով գրել, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում։ Տեսանյութը հավանաբար արված է Հյուսիսային Կովկասի տարածքում։

«Մենք չենք կարող բացառել այս ձեռագրի կրկնությունն օկուպացված Արցախի որևէ գերեզմանոցում, հատկապես, որ նախադեպեր նախկինում եղել են, երբ մի ամբողջական գերեզմանոց են քանդել ադրբեջանցիները։

Ադրբեջանը բարոյական որևէ արժեհամակարգ չունի, բազմաթիվ դեպքեր ենք տեսել, թե ինչպես են մի գերեզմանոցը մի քանի անգամ վանդալիզմի ենթարկում ու հետո հավասարեցնում հողին։ Նույնիսկ տապանաքարերի վրա էին քայլում, հետո դրանք ոչնչացնում, այնպես որ, Ադրբեջանի վանդալիզմի դեպքերը տարբեր դրսևորումներ են ունենում։

Կարդացեք նաև

Նախ ասեմ, որ Արցախում հանգուցյալների շիրմաքարերի վրա նրանց անունները ռուսերենով չի գրվել, բացի այդ, բավականին թարմ ծաղիկներ կային դրված շիրիմներին, չեմ կարծում, որ տեսանյութն արել են 2023 թվականին, բայց հրապարակում են հիմա»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հովիկ Ավանեսովը։

Ըստ նրա, այդ գերեզմանոցում շիրմաքարերի մոտ հիմնականում արհեստական ծաղիկներ են դրված, եթե Արցախում լիներ, ապա 2023 թվականին բավականին հորդառատ անձրևներ են եկել, իսկ ծաղիկները մաքուր են։ Այս ամենից զատ, Արցախում սովորաբար ընդունված է, որ հանգուցյալի շիրմաքարը տեղադրվում է մահվանից գոնե 6 ամիս հետո կամ մեկ տարի անց։ Բայց այդ տեսանյութում շիրիմ  կար, որի շիրմաքարը դրված էր մարդու մահվանից անմիջապես հետո՝ հաշվի առնելով շիրմաքարին գրված մահվան թվականն ու օրը։

«Կրկնում եմ՝ մենք չպետք է բացառենք, որ նման բաներ նաև Արցախի տարածքում են անում։ Մի կողմ թողնենք, թե տեսանյութը որտեղ է արված, դրանից Ադրբեջանի հանցագործության մակարդակը չի նվազում։

Այս ամենը խոսում է այն մասին, որ հայերի նկատմամբ Ադրբեջանի ատելությունն այն աստիճանի է հասել, որ աշխարհագրական սահմաններ չունի։ Այսինքն՝ Ադրբեջանը նման վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն Ադրբեջանի օկուպացված տարածքներում, այլև, այդ երկրում հայատյացությունը համակարգված է և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Սա համակարգային քաղաքականության մաս է կազմում, և նման հարցերի անդրադառնալիս՝ չպետք է կենտրոնանանք միայն օկուպացված Արցախի, Նախիջևանի հայկական արժեքների նկատմամբ նման պիղծ դրսևորումներին, այլ ընդլայնված նայենք, այնտեղ, որտեղ կա հայկական արժեք, այնտեղ Ադրբեջանը կարող է նման դրսևորում ցուցաբերել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ նման վարքագիծ ունեցող երկիրը չի կարող խաղաղության մասին խոսել կամ գնալ խաղաղության, քանի որ չեն կարող խոսել խաղաղության մասին, բայց հաջորդ օրը գնալ ու գերեզմանոց քանդել։

«Այս ամենը մենք պետք է դիտարկենք նաև հոգեբանական ահաբեկչության տեսանկյունից։ Մենք նման տեսանյութերը պետք է վերցնենք և օգտագործենք Ադրբեջանի դեմ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930