Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի վերաբերյալ գործի քննությունը:
Այս դատաքննության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի շահերը ներկայացնում է փաստաբան Վահագն Դալլաքյանը, Դատախազության շահերի ներկայացուցիչը Լիանա Բելոյանն է: Մյուս պատասխանողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:
Դատական նիստի մեկնարկին Վահագն Դալլաքյանն ասաց՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն կներկայացնեն, ապա հանրային մեղադրողը ներկայացրեց հայցադիմումի բովանդակությունը, որից հետո Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հարցեր ուղղեց նրան:
Հաջորդիվ Վահագն Դալլաքյանը ներկայացրեց միջնորդությունը, որի ստորագրված գրավոր տարբերակը տրամադրեց կողմերին, ինչից հետո դատախազությունը երկշաբաթյա ժամկետ խնդրեց դիրքորոշում ներկայացնելու համար:
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը չառարկեց: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատական նիստն ընդմիջվեց: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 17:30-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝ «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց, 38 հասցե):
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:
«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:
Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:
Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր»,- նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:

