Գերմանիան ցանկանում է սահմանափակել մինչև 13 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր
Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրինը առաջարկել է օրենսդրորեն սահմանել 13 տարեկանի նվազագույն շեմ՝ TikTok-ի, Instagram-ի և Snapchat-ի նման սոցիալական ցանցերից ինքնուրույն օգտվելու համար, հաղորդում է dpa գործակալությունը։
Նախաձեռնությունը նպատակ ունի ուժեղացնել երեխաների և դեռահասների պաշտպանությունը թվային միջավայրում՝ պայքարելով վնասակար բովանդակության, առցանց հալածանքի, ատելության խոսքի և սոցցանցերից չափազանց կախվածության դեմ։
Առաջարկի համաձայն՝ 13 տարեկանից փոքր երեխաները կկարողանան օգտվել միայն հատուկ անվտանգ և հարմարեցված ծառայություններից, իսկ 13-18 տարեկանների համար կգործեն լրացուցիչ պաշտպանական սահմանափակումներ։
Գերմանիան դիտարկում է, որ նման կանոնները ընդունվեն Եվրամիության մակարդակով, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մշակել նաև ազգային օրենսդրական մեխանիզմներ։ Ըստ փորձագետների՝ երկրում շուրջ 300 հազար դեռահաս ունի սոցիալական ցանցերից կախվածության վարքագծի նշաններ։

