Չեխիայի ՍԴ-ն կառավարությանը պարտավորեցրել է ապահովել երկրի նախագահի մասնակցությունը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Չեխիայի Սահմանադրական դատարանը կառավարությանը պարտավորեցրել է ապահովել երկրի նախագահ Պետր Պավելի մասնակցությունը Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ բավարարելով միջանկյալ միջոց կիրառելու մասին նրա միջնորդությունը, որը ներկայացվել էր պետության ղեկավարի և նախարարների կաբինետի միջև լիազորությունների վերաբերյալ վեճի շրջանակում, գրում է Aktuálně.cz պարբերականը։

Դատարանի որոշմամբ՝ կառավարությունը պարտավոր է նախագահին ներառել չեխական պատվիրակության կազմում, ինչպես նաև ապահովել նրա համար անհրաժեշտ կազմակերպչական և վարչական ուղեկցումը, ներառյալ՝ հավատարմագրումը և ուղևորության նախապատրաստումը։ Միաժամանակ, նախագահի և կառավարության միջև լիազորությունների բաշխման վերաբերյալ բուն սահմանադրական վեճի վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ։

Քննության առիթ է ծառայել կառավարության որոշումը՝ նախագահին չներառել Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի պաշտոնական պատվիրակության կազմում՝ պատվիրակության ղեկավարումը հանձնարարելով վարչապետին և կաբինետի անդամներին։ Չեխիայի նախագահը բողոքարկել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ միջազգային մակարդակով պետության ներկայացումը պատկանում է իր սահմանադրական գործառույթներին և գործադիր իշխանությունը չի կարող այն սահմանափակել։

Դատարանը մատնանշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների պատվիրակություններում նախագահի մասնակցությունը հաստատված պրակտիկա է՝ Դաշինքին Չեխիայի անդամակցության պահից ի վեր, և դեպքերի բացարձակ մեծամասնությունում պետության ղեկավարը փաստացի ներկա է եղել նման միջոցառումներին։ Դատավորները նաև նշել են, որ գագաթնաժողովի նախապատրաստման սեղմ ժամկետների և հավատարմագրման անցնելու անհրաժեշտության պատճառով պահանջվում էր հրատապ միջանկյալ որոշում, այլապես գործի հետագա քննությունը կարող էր կորցնել իր գործնական իմաստը։

Միաժամանակ, դատարանն ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում իշխանության ինստիտուտների միջև արտաքին քաղաքական լիազորությունների բաշխման բուն վեճի լուծմանը։ Այդ հարցը կդիտարկվի առանձին՝ հետագա դատավարության շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930