«Ընդդիմադիր որևէ ուժ իր նպատակին չի կարող հասնել առանց համախմբվածության. հասարակության առողջ հատվածն էլ պետք է համախմբվի ու իրավիճակը փոխի». Արամ Սարգսյան
«Տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մենք արդեն հանդես ենք եկել և ասել ենք, որ նման ընտրությունների արդյունքները ճանաչել՝ նշանակում է հաստատել այն համակարգը, որը գործում է մեր երկրում։ Հիմա առհասարակ որևէ սահման չի երևում, որը զսպեր այս կամ այն ախորժակը՝ իշխանությունը դարձել է ամբողջական դիկտատորական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքների և հավաքական ընդդիմության հետագա անելիքների մասին։
Նա նշեց, որ հիմա էլ է կրկնում ընտրությունների արդյունքներին նախորդիվ տված գնահատականները՝ հիշեցնելով, որ առաջարկել էին 3 կետանոց հուշագիր ստորագրել ընդդիմադիր այն ուժերին, որոնք մասնակցելու էին ընտրություններին, հատկապես՝ առաջատար ուժերին։
«Մենք այդ պատճառով չենք գնացել ընտրություններին, որպեզի իրականում չփոշիացնենք որոշակի ձայներ։ Այդ կետերը շատ հստակ ու պարզ կետեր էին, ասում էինք՝ եթե անցնեք խորհրդարան, պարտավորվեք ձևավորել կոալիցիա և խոստացեք, որ չեք անցնելու ՔՊ-ի կողմ և ձևավորելու եք սեփական Կառավարություն։
Երկրորդը՝ վերահսկելու ենք ընտրությունների ընթացքը՝ միասնաբար, իրականացնելու ենք նաև հետընտրական պայքարը՝ համագործակցելով մեկը մյուսի հետ։
2 ամիս առաջ ենք մենք այս առաջարկը ներկայացրել ու ուղարկել բոլորին, ցավոք, արձագանք չեղավ։ Հիմա էլ ենք տեսնում, որ նման համախմբվածության կոչեր են, սակայն գործողություններ իրականում չկան։ Դրա համար կրկին հիշեցնում ենք՝ առանց համախմբվածության՝ ընդդիմադիր որևէ ուժ իր նպատակին չի կարող հասնել»,- հավելեց Արամ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն իրողություններին, որոնք օրվա իշխանությունների օրոք ձևավորվել են Հայաստանում, Արամ Սարգսյանն ասաց՝ օրվա իշխանությունների օրոք Հայաստանն իր արտաքին ու ներքին քաղաքականությամբ բերելու է աղետալի վիճակի, ամեն օր տեսնում է այդ ամենը։
«Այսօր էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում, թե ինչ «քուչի կռվի» արժանացանք, և ինչ ժարգոնով էին խոսում։ Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք այնպիսի մի իշխանության հետ, որն իր պատկերացմամբ՝ խաղաղությունը դարձրել է մի ամբողջական գնահատական և ամեն մի նվաստացման պատրաստ է, միայն թե պահպանի իր իշխանությունն ու այս վիճակը»,- շեշտեց Դեմոկրատական կուսակցության նախագահը։
Արամ Սարգսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում հասարակությունը ևս մեծ անելիք ունի։
«Հասարակության առողջ հատվածը պետք է համախմբվի ու իրավիճակը փոխի, այդպես եմ ասում, քանի որ կա հասարակության մի հատված, որը չունի ազգային մտածելակերպ»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։


