Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջի պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին. Կրեմլ
Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Մենք չենք սպասում այս ըմբռնումների կամ պայմանավորվածությունների կատարմանը, մենք սպասում ենք հաղթանակի։ Մենք սպասում ենք մեր սեփական նպատակների իրագործմանը»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ այդ պայմանավորվածությունների կողմերից մեկը «այնքան էլ ի վիճակի» չի եղել դրանք կատարել։ Նա ընդգծել է, որ Անքորիջում բանակցությունների ընթացքում Մոսկվայի հայտարարություններն ու խոստումները «հիմնված էին և հիմնված են այս հակամարտությունում մեր իրական սկզբունքային դիրքորոշման վրա»։
Օգոստոսի 15-ին Ալյասկայի ռազմական բազայում տեղի էր ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Բանակցությունների արդյունքներով մամուլի համար արված հայտարարության մեջ Պուտինը հայտնել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը դարձել է կայացած գագաթնաժողովի հիմնական թեման։ Ռուսաստանի առաջնորդը կոչ էր արել շրջել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների էջը և վերադառնալ համագործակցության, ինչպես նաև Թրամփին հրավիրել էր Մոսկվա։ Իր հերթին ԱՄՆ նախագահը հայտարարել էր բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին, սակայն նշել էր, որ ոչ բոլոր հարցերում է կողմերին հաջողվել համաձայնության գալ։

