Փաշինյանի փազըլը սխալ է հավաքվել. մենք պետք է պատրաստ լինենք արտահերթ ընտրություններին. Դավիթ Անանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը, խոսեց նաև հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
«Հիմա Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին. գնում է առևտուր: Եթե Փաշինյանն ընդունի Ռուսաստանի՝ իր առջև դրված նվազագույն պահանջները, Ռուսաստանը կընդունի այս ընտրության արդյունքները: Բայց Ռուսաստանին գոհացնելը նշանակում է, որ ինքը խնդիր է ունենալու Եվրոպայի հետ: Սա, իհարկե, իր մեղքն է, բայց այս ամբողջի անբարենպաստ հետևանքները կրելու ենք մենք բոլորս, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը: Ինքը փակուղային իրավիճակում է, և եթե տանուլ տա, տանուլ ենք տալու բոլորս ու առաջին հերթին՝ Հայաստանը: Փաշինյանը խաղաղրույք է դրել Հայաստանի վրա»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը 8-10% ընդդիմությունից գողացել է:
«Մենք իրավական գործընթացները հասցնելու ենք ավարտին, որովհետև այս ընտրության արդյունքները պետք է չեղարկվեն, որովհետև այս ընտրությունները լեգիտիմ չեն: ԿԸՀ հունիսի 14-ի նիստը՝ որպես վարչարարություն, ձախողված էր: Էլեմենտար բաներ կան, ըստ որոնց՝ վարչական մարմինը՝ ԿԸՀ-ն, ձախողված էր: Եթե նիստը նայել եք, կտեսնեիք՝ ինչ խղճուկ վիճակում էր Հանձնաժողովն ու դրա նախագահը: ԿԸՀ անդամները հասկանում էին, որ կոպիտ իրավախախտումներ էին անում, և ուղիղ եթերում չէին էլ կարողանում Վահագն Հովակիմյանին հասկացնել՝ եղբա՛յր, սխալ բաներ ես անում. ԿԸՀ ընդունած վարչական ակտը կատարյալ ապօրինի է»,- ասաց քաղաքական գործիչը:
Վերջինս նկատեց՝ եթե ուզում ես տեսնել՝ իրականում ինչ սպասելիքներ ունի Ադրբեջանը Հայաստանից, ադրբեջանական մի քանի խոսող գլուխներ կան, որ պետք է լսես նրանց:

«Նրանցից Ալիևի մունետիկներից մեկը՝ ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, ասում է՝ չպետք է ուրախանանք Փաշինյանի հաղթանակով, որովհետև խնդիր ունենք. Փաշինյանը չի հավաքել այնքան, որ կարողանա ՀՀ Սահմանադրությունը փոխի, իսկ դա մեզ համար խիստ կարևոր է… Բառացի ասում է:
Հիմա տեսե՛ք՝ ընդդիմությունը վիճարկում է արդյունքները ՍԴ-ում, սրան զուգահեռ՝ ՔՊ-ամերձ շրջանակներն են դիմում ՍԴ, այս ընթացքում արդեն անոնսել են, որ «Հանրաքվեի մասին» ու «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անեն, որպեսզի իրենց վերընտրությունը հեշտանա, կվարկաբեկեն ընդդիմությանը, կմեկուսացնեն լիդերներին, ու չի բացառվում, որ սեպտեմբերին գնան արտահերթ ընտրությունների ու այս անգամ հաղթի՝ սահմանադրական մեծամասնություն ունենալով ու ոչ լեգիտիմ լինելու բարդույթը հաղթահարած: Ու այս համատեքստում չի բացառվում, որ Սահմանադրական դատարանը «լեռը մուկ ծնեց» սկզբունքով չեղարկի ընտրությունների արդյունքները:
Փաշինյանի փազըլը սխալ է հավաքվել, մենք չունենք անոնսավորվող արդյունքները, բայց մենք էլ մեր սխալներից դասեր պիտի քաղենք, որ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ քաղենք մեր արդյունքները: Միգուցե այստեղ կփրկի միայն ընդդիմության համընդհանուր համախմբումը կոնկրետ նպատակի շուրջ»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա նաև ուշադրություն հրավիրեց ժամկետների վրա:
«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Դրանք չեղարկելը դժվար է, և եթե պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, դրանք պետք է լինեն սեպտեմբերին:
Ռուսաստանի կողմից կիրառվող սանկցիաների, մասնավորապես՝ գյուղմթերքի և ոչ միայն գյուղմթերքի արտահանման արգելքների տեսքով, դժգոհությունների ցիկլի պիկը լինելու է հուլիս-օգոստոսին: Մարդիկ այս ծանր հարվածներն այդ ժամանակ են զգալու: Շատ ծանր վիճակում են հայտնվելու: Եթե սեպտեմբերին լինելու են ընտրություններ, ապա դրա պիկը լինելու է դրանց նախօրյակին»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

