Ինչի՞ մասին են իրենց հայտարարագրերում նշել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ Նկատենք՝ Փաշինյան-Հակոբյան զույգի բաժանման ու միացման դրվագներից հետո այս հայտարարագրերը առաջին վկայումն են, որ Աննա Հակոբյանը պաշտոնատար անձի՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամն է։
Ի դեպ, հայտարարատու պաշտոնատար անձի համատեղ բնակվող ընտանիքի անդամների մասին տվյալներում Նիկոլ Փաշինյանը չի լրացրել Աշոտ Փաշինյանի անունը․ հայտարարագրում նշվել է միայն Մարիամ, Արփի, Շուշան Փաշինյանների և Աննա Հակոբյանի մասին։
Եվ այսպես, իշխանության առաջին խոսափող, ՔՊ-առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է ընդամենը մեկ անշարժ գույք՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բաժնային սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տուն հողամասի վրա, որը ստացել է տարեվերջին իբրև ժառանգություն։
Սակայն հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք «Իջևանատուն» ՓԲԸ-ից , որը կառուցապատող ընկերություն է, 49,350,000 փոխառության մասին։
Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 520,425.6 դրամ,
5,383.7 դրամ, 27,701.8 դրամ, 1.27 դոլար, 444,009.9 դրամ, իսկ տարեվերջին՝ 25,002.6 դրամ, 2,000 դրամ, 0,16 եվրո, 357.9 դրամ, 1.27 դոլար և 3,687,294.9 դրամ, կանխիկ միջոցները՝ տարեսկզբին 500 դոլար և 700 հազար դրամ, 800 դոլար և 700 հազար դրամ։
Իշխանության առաջին խոսափողի՝ հաշվետու տարվա 31,128,638 դրամ եկամուտը գոյացել է ստացված 580 հազար դրամ փոխառությունից (Ակբա Բանկ ԲԲԸ), ՀՀ Ֆիննախից ստացած եկամտային հարկի վերադարձից 3միլիոն 348,480 դրամ և «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»-ից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 27,200,158 դրամի չափով։ Ի դեպ, ևս 6,485,129 դրամ է նշվել բնամթերքի ձևով ստացված եկամուտը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարագրում նշել է, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44,250,333․2 դրամ, որից ՝ 43,896,536.2 դրամի փոխառության դիմաց հիփոթեքի առարկա է նշվել կառուցվող շենքում բնակարանը։
Նիկոլ Փաշինյանը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 6 միլիոն 199,764.8 դրամ։
Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում աղյուսակում նա նշել է «ՄԵՐ ՏՊԱՐԱՆԸ» կազմակերպությունում 2009 թվականի սեպտեմբերից Աննա Հակոբյանին պատկանող 50 տոկոս բաժնեմասի մասին և «ԱԹԼԻՔՍ» ընկերությունում 2025 թվականի սեպտեմբերից Մարիամ Փաշինյանին պատկանող 50 տոկոս բաժնեմասի մասին։
Իշխանության առաջին խոսափողը հայտարարագրում նաև նշել է, որ «Հիմա» ժողովրդավարության աջակցության կազմակերպության հիմնադիրն է, Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հիմնադիր և «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդավարության աջակցության կազմակերպության հիմնադիր։
Հիշեցնենք՝ Փաշինյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ Աննա Հակոբյանը ևս հայտարարագրում նշել է ժառանգություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող գույքի՝ բազմաբնակարան շենքում բնակարանի մասին։ Նա նաև հիշատակել է 2009, 2010 թվականների գնված Նիսան, Վազ, Ռենո մակնիշի երեք մեքենաների մասին, ինչպես նաև՝ 2009 թվականից Շողեր Մաթևոսյանից ձեռք բերած բաժնեմասի մասին։
Նա, ինչպես Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրել է 49,350,000 դրամ փոխառություն․ կողմը Իջևանատուն ՓԲԸ-ն և Ար ընդ Ար ՍՊԸ-ն են։
Հակոբյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են $ 40,000 և 10 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ $ 27,000 և 10,000,000 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ տարեսկզբի 3,622,308 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմել է 4,738,197 դրամ։
Առավել տպավորիչ է Աննա Հակոբյանի տարեկան եկամուտները, որոնք շատ քիչ են զիջում իր «վարչապետ» կողակցի եկամուտներին․ այսպես, նրա 31,006,708.08 դրամ տարեկան եկամուտը գոյացել է Կատարի պետության «Քաթարա» մշակութային գյուղակ հիմնադրամից ստացած 1,844,321 դրամն արժեքով բնամթերային ձևով եկամուտից, Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացած 1,463,227 դրամից (տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը), «Իմ քայլը» հիմնադրամից ստացած աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, որոնք կազմել են 21,758,993 դրամ, «ԴԱՐԵՍԿԻԶԲ»-ից ստացած 3,000,000 դրամ աշխատանքային վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից, Ֆինանսների նախարարությունից ստացած 4,123,592 դրամ եկամտային հարկի վերադարձից, Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացած 1,768 դոլարից (տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը):
Աննա Հակոբյանը 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 6,200,095.5 դրամ, իսկ ևս $ 6,500 և 2,416,895 դրամ ծախսի բովանդակություն չի հանրայնացրել։

