Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է․ այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն, ինչի համար միջնորդություններ էր ներկայացրել Դատախազությունը:
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստից հետո փոխանցել էր, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը:
Ի դեպ, ԿԸՀ-ից մինչ քննարկումը հեռացած Դավիթ Ղազինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի բակում էր սպասում, քանի որ առանձնապես հույսեր չէր կապում ԿԸՀ-ի հետ, և որպեսզի, ինչպես ինքն էր նշել, մասկի-շոուն թույլ չտա։
Ավելի վաղ ԿԸՀ-ի առջև մեզ հետ զրույցում Դավիթ Ղազինյանն անդրադարձել էր գործով հանրայնացված ձայնագրությանը և նշել.
«Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել։ Ինչ վերաբերում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում՝ այնտեղ գլխավոր դերում մաքրուհին է։ Միշտ ես հումորով ասում եմ՝ լավ է չեն ասում, թե ասել է՝ այս գումարն ուրիշ բանի վրա չծախսեք հանկարծ․ սա միայն ընտրակաշառքի գումար է։ Այսինքն՝ չկա այստեղ իրավական ոչ մի բան։
Ես չգիտեմ՝ ով ո՞ւմ է տվել, ի՞նչ է արել․ չկա այդպիսի գումար։ Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք, կամ տվել եմ ինչ-որ մեկին և ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումա՞րը։ Աբսուրդ է»։
Նշենք՝ ԿԸՀ-ն այսօր քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և «Ուժեղ Հայաստան»-ի երկու թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Հինգից միայն Հայաստանի երկրորդ նախագահին ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել:

