ԱՄՆ-ից Իրանի ներկրումն աճել է 125 տոկոսով
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այս տարվա (մեկնարկել է մարտի 21-ից) առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ից ներկրել է մոտ 4000 տոննա արտադրանք՝ ավելի քան 18.6 միլիոն դոլար արժողությամբ:
Քաշի առումով դա նշանակում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ 125 տոկոսանոց աճ, իսկ գնային առումով՝ 11 տոկոսանոց աճ: Իրանը ԱՄՆ-ից հիմնականում ներկրում է սննդամթերք ու դեղորայք:
Միևնույն ժամանակ Թեհրանը 42 տոննա ապրանք է արտահանել ԱՄՆ, ինչի գնային արժեքը կազմել է 106.000 դոլար: Իրանից ԱՄՆ արտահանված ապրանքների թվում եղել են նաև գորգեր ու շաֆրան:
Հաշվետու ժամանակահատվածում Իրանը Մեծ Բրիտանիայից ներկրել է 126.127 տոննա ապրանքներ՝ ընդհանուր 55.6 միլիոն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ դա քաշի առումով կազմում է 20.2 տոկոսանոց աճ, իսկ գնային առումով՝ 180 տոկոսանոց աճ:
Հաշվետու ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում Իրանի 14-րդ և Եվրոպայում 7-րդ մատակարարը: Ասիան դարձել է իրանական արտահանման գլխավոր ուղղությունը: