Ինչո՞ւ ընտրություններից անմիջապես հետո բարձրացավ ակցիզային հարկը. Հովհաննիսյանն արդարացնում է քայլը
Կառավարության որոշման մեջ կատարված ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ հունիսի 11-ին կառավարությունը ընթացք տվեց օրենսդրական մի նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
«Մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պետք է նոր պլան ներկայացնեինք, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակահատվածին։ Հիմնական մասով, ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այսինքն, մենք 3 ապրանքատեսակի վերաբերյալ ճշգրտել ենք` 3 տոկոսով բարձրանում է, ոչ մի փոփոխություն չի լինում։ Մենք որոշ ապրանքատեսակների մասով նվազեցումներ ունենք` մրգօղիների, կոնյակի»,– ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։

