Դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել՝ կան գլոբալ ֆակտորներ. ԿԲ փոխնախագահ

ՀՀ դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։

Նա ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց` վերջին շրջանում ինչպիսի՞ն է եղել կանխիկ մուտքերի պատկերը, որքա՞ն է եղել կանխիկի շարժը ՀՀ–ում, արդյոք դրսից եկած մուտքերը նաև չե՞ն նպաստել արտարժույթի նվազմանն ու դրամի արժևորմանը։

Ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։

«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ–երկու շաբաթների, էականորեն արժեզրկվել է համաշխարհային արժույթների նկատմամբ»,– նշեց նա։

Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։

«ԵՄ-ից եկած զբոսաշրջիկների շրջանում դա չնչին գումար է կազմում, քանի որ նրանք հիմնականում քարտերով են ծախսերը կատարում, իսկ ՌԴ–ից եկածները, տարբեր պատճառներից և դժվարություններից ելնելով, կանխիկով են առևտուր անում։ Մենք միշտ հետևում ենք այդ թվերին»,– ընդգծեց Խաչատրյանը։

ԿԲ փոխնախագահի ունեցած տվյալներով` այս տարվա ապրիլին կանխիկի շրջանառությունը մի փոքր ավելացումը կապված է եղել նաև մի շարք այլ արտաքին գործոններով, մասնավորապես միջազգային ներդրողներն ակտիվ սկսել են գնել ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, որն էլ վերջին 6–7 ամսվա ցուցանիշների վրա էական ազդեցություն է թողել դրամի ուժեղացման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930