Պաղպաղակը կարող է օգտակար լինել մրսածության ժամանակ
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։
Մասնագետի խոսքով՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
Բժիշկը նշել է, որ հենց այդ պատճառով սառը մթերքներ հաճախ խորհուրդ են տրվում նշագեղձերի հեռացումից հետո, իսկ բարդ ատամնաբուժական միջամտություններից հետո կիրառվում են սառցե կոմպրեսներ։ Եթե մրսած մարդը հաճույքով է ուտում պաղպաղակ և դրանից հետո ինքնազգացողությունը չի վատանում, փոքր չափաբաժինը, որպես կանոն, վնաս չի պատճառի։
Միևնույն ժամանակ, մասնագետը խորհուրդ է տալիս մրսածության ընթացքում պաղպաղակն ուտել դանդաղ, որպեսզի կոկորդը չգերսառչի։ Եթե դրա օգտագործումից հետո ցավն ուժեղանում է, ավելի լավ է ժամանակավորապես հրաժարվել այդ քաղցրավենիքից։
Կաշուխը նաև ընդգծել է, որ պաղպաղակը չի կարելի դիտարկել որպես դեղամիջոց։ Այն չի կրճատում հիվանդության տևողությունը և չի կարող փոխարինել բժշկի նշանակած բուժմանը։ Բացի այդ, շաքարի բարձր պարունակությամբ պաղպաղակը որոշ մարդկանց մոտ կարող է գրգռել բորբոքված լորձաթաղանթը և նպաստել վնասակար միկրոֆլորայի ավելի արագ բազմացմանը։

