«Եվրամիությունը ևս մեսիջներ ուղարկել է Հայաստանին` կամ-կամ տարբերակով»

Օրերս GALLUP International Association-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միությանն անդամակցելուն: Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե արդյունքների արժանահավատության մասին խոսել չի կարող, քանի որ իրենք նման հարցումներ չեն իրականացրել: «Բայց ինձ այնքան էլ վստահություն չի ներշնչում այս հարցումը, մանավանդ, երբ նույն GALLUP-ի մասին է խոսքը, որը նաև նախագահական ընտրությունների հարցումներն էր անցկացնում»,- ասաց նա:

Ըստ նրա` Հայաստանը շարունակում է ընտրության առջև կանգնել` Եվրասիական մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: «Ընտրության հարցը դրված է երկու կողմից էլ: Ընդ որում, ՌԴ առաջարկած Մաքսային միության անդամակցության պարագայում անդամ մյուս երկրների համաձայնությունն է պետք: Սա նշանակում է, որ նման միության անդամ լինելու դեպքում Հայաստանն այլևս չի կարող ցանկության դեպքում էլ մտնել ասոցիացման շրջանակներում կնքվող պայմանագրերի մեջ: Մյուս կողմից էլ՝ Եվրամիությունը ևս մեսիջներ ուղարկել է Հայաստանին` կամ-կամ տարբերակով»,- նշեց նա:

Հովսեփ Խուրշուդյանի հավաստմամբ, «Գազպրոմի» բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» 100 տոկոս դարձնելու մասին հարցը ևս Ռուսաստանի կողմից Մաքսային միության անդամակցության ճնշման հետևանք է, որը կարող էր չլինել, եթե Հայաստանն ունենար լեգիտիմ իշխանություն` տեղի չտալով դրսի ճնշումներին: Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի պարագայում, Հայաստանն, ըստ նրա, կզրկվի որոշակի վերահսկողության լծակներից. «Որպես փայատեր՝ Հայաստանին վերահսկողության հնարավորություն էր ընձեռված՝ լրացուցիչ լծակներ ունենալու: Իսկ «Գազպրոմի» բաժնեմասն ավելացնելու դեպքում, մենք կորցնում ենք հնարավորությունն ազդելու այդ ըներության վրա, որը մենաշնորհային դիրք ունի Հայաստանում, սահմանափակում է մեզ համար այլընտրանքային գազամուղ ունենալու հնարավորությունը: Մենք ստիպված կլինենք նոր գազատար կառուցել, եթե ցանկություն ունենանք իրանական գազից օգտվել»:

Տեսանյութեր

Լրահոս