ՀԱՊԿ-ը պատրաստվում է պատժե՞լ Հայաստանին․ Իրավական վերջնագրի «զրոյական» էֆեկտը

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ կանոնադրական հոդվածներ են կիրառելու։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը, նա նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում ոչ ոք հանրաքվեի հարց չի բարձրաձայնում, սակայն, ըստ նրա, ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին ավելի քան երկու տարի՝ ֆորմալ առումով մնալով անդամ։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հայ գործընկերները չեն մասնակցում միջոցառումներին, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընթանում են զինվորական վարժանքներ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, պատվիրակությունների փոխանակում է իրականացվում ռազմական գծով թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ, որը նույնպես, Լավրովի որակմամբ, այժմ վերածվում է ռազմականացված կառույցի։

«Ի դեպ, հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանը, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հայտարարեց. «Մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»։ Սա ուղղակի մեջբերում է, կարող եք գտնել այն։ Իմ կարծիքով՝ դա հունիսի 7-ին էր։ Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք դա, արդեն ավելի քան 2 տարի է՝ ՀԱՊԿ բյուջեի հանդեպ Հայաստանի պարտքի հարցում առկա է մի իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկման հնարավորությունը»,- նշեց Սերգեյ Լավրովը։ Հունիսի 8-ին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ին անդամակցության վճարը։ «Մենք չենք վճարել անդամավճարը մի պարզ պատճառով։ Բանն այն է, որ կազմակերպությանը մեր մասնակցությունը, պարզապես, չի եղել»,- նշել էր Միրզոյանը։

168am-ը դիտարկեց ՀԱՊԿ Կանոնադրությունը՝ հասկանալու համար, թե ինչ միջոցներ կարող է կիրառել ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամբ, որը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը։ Այս կանոնադրության մեջ հստակ սահմանված է, թե ինչ իրավական հետևանքներ են առաջանում, երբ անդամ պետությունը չի կատարում բյուջետային վճարումները (անդամավճարները)։ Տվյալ իրավիճակի համար կիրառելի է կանոնադրության Գլուխ IX-ի («Ֆինանսավորում») Հոդված 25-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է․

Կարդացեք նաև

«Անդամ պետությունների կողմից Կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի մարման պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում, Խորհուրդը որոշում է կայացնում՝ կասեցնել տվյալ պետության քաղաքացիներին Կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»։

Հիշատակենք Կանոնադրությունից լրացուցիչ կարևոր դրույթներ, որոնք նույնպես առնչվում են այս գործընթացին. ՀԱՊԿ Կանոնադրությունը սահմանում է նաև որոշման կայացման կարգը հոդված 12-ում և 20-ում։ Չնայած ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով (համաձայնությամբ), ապա պարտավորությունները չկատարող երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս կամ նրա լիազորությունները սահմանափակելիս՝ որոշումը կայացվում է առանց այդ պետության ձայնը հաշվի առնելու (ըստ Հոդված 20-ի տրամաբանության, որը վերաբերում է պարտավորությունների ընդհանուր չկատարմանը)։ Կանոնադրության 24-րդ հոդվածում նշված է, որ «Կազմակերպության բյուջեն չի կարող պակասուրդ ունենալ»։ Ուստի, եթե որևէ երկիր պաշտոնապես չվճարի ՀԱՊԿ անդամավճարները 2 տարի շարունակ, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը (մյուս անդամ երկրների ղեկավարները) իրավունք ունեն զրկել տվյալ երկրին ձայնի իրավունքից և արգելել այդ երկրի պաշտոնյաներին նշանակվել ՀԱՊԿ կառույցներում քվոտային պաշտոնների։ Խոսելով Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ կանոնադրությունը գործարկելու մասին, ՌԴ ԱԳ նախարարը թերևս կանոնադրության վերոնշյալ «պատժամիջոցները» նկատի ուներ։ Սակայն այստեղ հարկ է նաև պարզաբանել, որ ՀՀ իշխանությունները, հայտարարելով ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, այս երկու տարիների ընթացքում չեն մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, չեն օգտվում նաև ՀԱՊԿ-ում իր իրավունքներից, քվոտաներից։

Նշենք, որ ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ անդամ պետությունը կարող է զրկվել (հեռացվել) կազմակերպության անդամությունից: Դրա համար կիրառելի է կանոնադրության Գլուխ VI-ի («Անդամակցություն») Հոդված 20-ը: Կանոնադրությունը սահմանում է երկփուլանի գործընթաց՝ կազմակերպությունից հեռացնելու համար․ առաջին քայլ՝ լիազորությունների կասեցում․ եթե անդամ պետությունը չի կատարում՝ Կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի (երկրների ղեկավարների) որոշումները, ՀԱՊԿ մյուս մարմինների որոշումները: Այս դեպքում ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը (օրինակ՝ թույլ չտալ մասնակցել նիստերին, զորավարժություններին և այլն)։

Երկրորդ քայլ՝ կազմակերպությունից հեռացում, եթե անդամ պետությունը, անգամ լիազորությունների կասեցումից հետո, շարունակում է չկատարել իր պարտավորությունները, ապա Խորհուրդը կարող է որոշում կայացնել նրան կազմակերպությունից բացառելու (հեռացնելու) մասին: 20-րդ հոդվածով Մոսկվան և ՀԱՊԿ մյուս անդամները կարող են հավաքվել և առանց Հայաստանի համաձայնության՝ նրան զրկել անդամակցությունից, եթե գտնեն, որ Երևանը խախտում է կանոնադրությունը կամ չի կատարում պարտավորությունները: ՀԱՊԿ կանոնադրական պատժամիջոցների հնարավոր գործադրումը՝ լինի դա ձայնի իրավունքից զրկում, թե անդամակցության պաշտոնական կասեցում, պաշտոնական Երևանի համար, ըստ էության, կունենա զուտ ձևական բնույթ և որևէ էական հետևանք չի գործի, քանի որ Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցի աշխատանքներին, բոյկոտում է նիստերն ու միջոցառումները։ Մոսկվայի կողմից իրավական այս լծակների կիրառումը միայն դե յուրե կարձանագրի այն իրողությունը, որն առանց այդ էլ գոյություն ունի գետնի վրա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին, իսկ ավելի ուշ հրաժարվեց նաև կազմակերպությանն անդամավճարներ վճարելուց։ ՀՀ իշխանությունների խոսքով՝ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի հանդեպ իր պաշտպանական պարտավորությունները և սպառնալիքներ է ստեղծում հանրապետության անվտանգության, գոյության, ինքնիշխանության ու պետականության համար։
«ՀԱՊԿ-ը չի ասում, թե որն է ՀՀ ինքնիշխան տարածքը, նախ պետք է պատասխանի այդ հարցին, եթե չանի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Երբ՝ չեմ կարող ասել»»,- 2024թ. մարտին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը կազմակերպությունից դուրս գալն է լինելու, սակայն նրանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ Փաշինյանը նկատի է ունեցել, թե հայաստանյան իշխանություններն իրենք կորոշեն՝ երբ դուրս գալ կազմակերպությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930