Դերասանուհի Աննա Հարությունյանը դատի է տվել «Չեզոք գոտի» ֆիլմի անձնակազմին
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Չեզոք գոտի» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը հոգեբանական թրեյլեր է, որը պատմում է 1994թ.-ին հատուկ ջոկատի կողմից Ադրբեջանում գտվող հայ գերիների ազատագրման մասին: Ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանի աշխատանքն է, սյուժեի եւ սցենարի հեղինակները Լուսինե Մանուկյանը եւ Նվեր Գալստյանն են:
Դերասանուհի Աննա Հարությունյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է, այսօր առավոտյան դիմել է դատարան՝ պահանջելու վերականգնել ֆիլմի ստեղծագործ անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավունքները: BlogNews-ի հետ զրույցում Աննան նշեց, որ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ֆիլմը էկրան բարձրանալուց հետո անակնկալ պարզել է, որ իր կերպարի ձայնային հնչյունավորումը կատարել է մեկ այլ անձ, ինչով խախտել է իր հեղինակային իրավունքները: «Դերասաններին նման սթրեսի անգամ ամենահետամնաց երկրներում չեն ենթարկում: Սարսափելի հոգեվիճակում եմ: Հետամուտ կլինեմ իմ հեղինակային իրավունքների վերականգման հարցում ու կարծում եմ` սա լավ նախադեպ կլինի մյուսների համար իրենց հեղինակային իրավունքների մասին հոգալու: Այս բարձիթողի վիճակը պետք է ավարտվի: Վստահ եմ` օրենքը մեր կողմից է»,- ասաց Աննա Հարությունյանը: