Դիմելու ենք ՍԴ, մանդատները վերցնել-չվերցնելը պետք է լինի միասնական որոշում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրեց, թե այս պահին ինչով է զբաղված «Հայաստան» դաշինքը:

Մասնավորապես, նա նշել է, որ մի շարք տեղամասերի արդյունքներ բողոքարկել են, որ տեղի ունենա վերահաշվարկ, ինչն արել են նաև ընդդիմադիր այլ ուժեր:

«Առաջիկա օրերին՝ մինչև շաբաթվա վերջ, ՀՀ մի շարք ընտրատեղամասերում տեղի է ունենալու այդ վերահաշվարկը: Ակնհայտ է, որ կան տեղամասերի արձանագրությունների և ԿԸՀ կայքում տեղադրված տվյալների միջև անհամապատասխանություններ: Օրինակ, 27/26 տեղամասում, սա Չարենցավանում է, «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն, որն արձանագրության մեջ ֆիքսված է, իսկ ԿԸՀ կայքում մեր դիմաց գրված է 8 ձայն»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ վերահաշվարկի արդյունքում որոշակի փոփոխություններ ակնկալում են:

Այս համատեքստում Իշխան Սաղաթելյանը շարունակեց, որ պատրաստվում են ծանրակշիռ փաստերով դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, երբ ԿԸՀ-ն հայտնի քվեարկության վերջնական տվյալները, թեև հասկանում են՝ ովքեր են նստած ՍԴ-ում, նրանց կաշկանդվածությունը և իշխանության կցորդ լինելու հանգամանքը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելուն, այսինքն, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մի շարք հարցերի պատասխաններն իմանալուց հետո, համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ՝ որոշում կկայացվի, որովհետև, կարծում են՝ այդ որոշումը պետք է լինի միասնական:

«Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից: Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով, պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումն ընդունելու: Շատ կարևոր է միասնական, ընդդիմադիր որոշումը, ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է միասնական որոշումը: Եվ այս պրոցեսում շատ կարևորում ենք՝ հասկանալու ԲՀԿ-ի շեմը հաղթահարելու հարցը, որովհետև այստեղ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում՝ սահմանափակելու, որ 3-րդ ընդդիմադիր ուժը մտնի խորհրդարան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ միաժամանակ նշելով, որ թեև կարևոր է, որ ՔՊ-ն չունենա 3/5 մեծամասնություն, բայց հույսը դնել, որ դա չունի և կարող են մեծ հաջողություններ ունենալ, չպետք է այդ տրամաբանությունը գործի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930