«Գայիշնիկը» մեղադրվում է կեղծ անդորրագրերով 5 միլիոն դրամ յուրացնելու մեջ. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Հայկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա աշխատելով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակում, որպես վարչական գործունեության ավագ տեսուչ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2010-2012 թվականներին կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված և պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե նրան վստահված 5 միլիոն 216 հազար դրամը:
Տոնոյանը մեղադրվում է նաև այն բանում, որ նշված ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, այն է` տուգանքները բռնագանձելու համար ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված, սակայն չվճարված, վիճահարույց 174 արձանագրությունները սահմանված կարգով դատարան չի ուղարկել, ինչի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին՝ այդ կերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին:
Հ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում»: