Զանգվածային ձերբակալություններ, խուզարկություններ են, ռեժիմը խուճապի մեջ է. Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը քվեարկել է հանուն «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու։ Այս մասին ՀԱԿ վարչապետի թեկնածուն հայտնեց Երևանի 9/24 ընտրատեղամասում քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։

«Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանն ավերակների, և եթե մրցակցում են՝ մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց, որը կկապի ոչ միայն Արևմուտքը Արևելքի հետ, այլ նաև Հյուսիսը՝ Հարավի հետ։ Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որում արմատախիլ է արված թմրամոլության և խաղամոլության խրախուսման այսօրվա պետական համակարգը։ Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի սահմանադրությունը, կաշխատեն օրենքները, հոգևորականներին և քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը, մի երկրի համար, որի ղեկավարը խուլիգան չէ, այլ պարկեշտ մարդ է, որը հարգում է օրենքը, և վերջապես ես քվեարկեցի մի երկրի համար, որտեղ հարգվում են մեր ինքնությունը, մեր պատմամշակութային արժեքները»,- պատասխանեց Լևոն Զուրաբյանը։

Անդրադառնալով երեկվանից տեղի ունեցող ձերբակալություններին ու խուզարկություններին՝ ՀԱԿ վարչապետի թեկնածուն հետևյալ գնահատականը տվեց՝ «ռեժիմը խուճապի մեջ է»։

«Եթե դու ընտրությունների՝ քվեարկության օրը զբաղված ես ընդդիմախոսների բանտարկություններով, ձերբակալություններով, խուզարկություններով, ընդ որում՝ մեկ հոգու մասին չէ, երկու հոգու մասին չէ, զանգվածային բնույթ է կրում, դա ի՞նչ է նշանակում, խուճապն էլ ո՞նց է լինում։ Կարծում եմ, որ սա մարտահրավեր է մեզ համար, որովհետև հայ ժողովուրդն այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից սա մարտահրավեր է, որ ինքը նետում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին։ Նա, ըստ էության, ուզում է բացել բռնապետության դուռը։ Արդեն մեծ ճանապարհ է անցել այդ ուղղությամբ, բայց հիմա ավելի է խորանում, և իսկապես այս ձերբակալությունները, այս ճնշումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վկայում են այն մասին, որ մենք կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ։ Այսօր հայ ժողովրդի կամքը պետք է լինի աներկբա։ Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում բուն դնի բռնապետությունը»,- նշեց Զուրաբյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930