Պետրոս Մակեյան. Մենք ակտիվ քննարկումներ ենք տանում

«Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը սառեցրել է անդամակցությունը ՀԱԿ դաշինքի հետ ու առայժմ չի մասնակցի իրենց հանդիպումներին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշեց, որ «ՄԻ-96»-ը դիմել է իրենց դաշինքի հավաքներին չմասնակցելու հայցով` հետևյալ հիմնավորմամբ. «Իրենք ցանկանում են, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը մնա դաշինքին և ոչ թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը»:

Մակեյանի խոսքով` ՀԱԿ դաշինքից դուրս եկած ՀՀՇ-ն (ներկայիս ՀԱԿ կուսակցությունը), փորձում է տնօրինել ՀԱԿ դաշինքի ամբողջ գործունեությունն ու դառնալ իրավահաջորդը: Իսկ սա, ըստ Մակեյանի, սխալ է, ինչն էլ դաշինքի մաս կազմող կուսակցություններին ստիպել է համախմբվել` իրավունքները պահպանելու համար: «ՄԻ-96»-ն էլ, նրա հավաստմամբ, ավելի խիստ, ռադիկալ մոտեցումներ ունի այս հարցում և ցանկանում է, որ այն անձինք, ովքեր պատգամավոր են դարձել նախկին ՀՀՇ-ի շնորհիվ` խոսքը Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Արամ Մանուկյանի մասին է, մանդատները վայր դնեն, ապա դիմելով դատարան` ՀՀՇ-ի անունը որպես ՀԱԿԿ` համարեն չեղյալ:

«Մենք գտնում ենք, որ սա անիմաստ քաշքշուկ է, ինչն էլ դարձավ տարաձայնությունների պատճառ»,- ասաց նա: Մնացած չորս` Կանաչների, «Ժողովրդավարական Հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և «ժողովրդավարական ուղի» կուսակցությունները շարունակում են հանդիպումներին մասնակցել ՀԱԿ դաշինքի ներսում, իսկ ՀԺԿ-ն, «Ազատություն», «Հայոց Հայրենիք» կուսակցություններն առայժմ չեն մասնակցում հավաքներին` «ոտքները կախ են գցում», թեպետ, Մակեյանի խոսքով, իրենց համաձայնությունը տվել են:

«Մենք ակտիվ քննարկումներ ենք տանում: Օրակարգը հագեցած է: Քննարկել ենք ներկա քաղաքական իրավիճակը, զարգացումները և այլն: Հաջորդ շաբաթ էլ կրկին հանդիպում կունենանք»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:

Կարդացեք նաև

Իրավական հարթության մեջ ՀԱԿ դաշինքը ՀԱԿ կուսակցությունից ունի մեկ պահանջ` հավասար բաշխել հանձնաժողովի տեղերը. «Ինչ իրենք արել՝ արել են, դա պետք է գնահատի հասարակությունը: Բանակցություններ այս հարցում ՀԱԿ կուսակցության հետ դեռ չկան, բայց առաջիկայում, կարծում եմ, կսկսենք` հարցն առաջ տանելու համար»:

Մեր հարցին, թե ՀԱԿ կուսակցության կողմից հանձնաժողովները զիջելու հարցում առաջընթաց տեսնո՞ւմ եք, թե՞ նրանք անդրդվելի են, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ամենատրամաբանական հարթության մեջ էլ պարզ է, որ եթե կառույցի տերը դաշինքն է, ինչո՞ւ պետք է դրան տնօրինի մեկը: Ի՞նչ տրամաբանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս