Ցավում եմ, որ ՌԴ ներկրման սահմանափակումներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների վրա․ Զատուլին
Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները, առայժմ, նախազգուշական քայլեր են, որոնք արդեն հասցրել են անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների վրա։ Սակայն պաշտոնական Երևանը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, և ամեն ինչ շարունակվելու է նախկին պես նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ բացելով ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» արտակարգ նիստը:
Այսօր Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում անցկացվում է Լազարյան ակումբի արտահերթ նիստի «Ռուսաստան և Հայաստան. միասին, թե առանձին» թեմայով քննարկումը։ Արտահերթ նիստ հրավիրելու առիթ է հանդիսացել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա լարվածությունը:
«Մենք՝ անձամբ ես, շատ ենք ցավում, որ այդ միջոցները, սահմանափակումները, խնդիրները, ամենայն հավանականությամբ, առնչվում են Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի բնակչությանը։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ քաղաքական գիծը ընտրությունների արդյունքում հաստատվի։ Դա ակնհայտ է։ Եվ հենց այս պահին, երբ Ռուսաստանը նախազգուշական քայլեր է անում, այդ թվում՝ տնտեսական, այդ նույն ժամանակ պարոն Փաշինյանի կողմնակիցները և նա ինքը հայտարարում է, թե «ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, հունիսի 7-ից հետո կգա 8-ը, 9-ը, 10-ը, և ամեն ինչ նախկինի պես կլինի»»,-նշեց Զատուլինը։
Այնինչ, հայաստանյան իշխանությունների հայտարարությունների համատեքստում «նախկինի պես»-ը, ռուսաստանցի քաղաքական գործչի կարծիքով, նշանակում է «նախկինի պես խաբելու ենք Ռուսաստանին», «նախկինի պես ավելի ընդառաջ ենք շարժվելու դեպի Ռուսաստանի թշնամիները», իսկ Ռուսաստանը պետք է «հանդուրժի և ԵԱՏՄ իր գործընկերների հետ ընդառաջ գնա Հայաստանին բոլոր հարցերում»։ Ըստ Զատուլինի՝ Հայաստանը նման քայլերի է դիմում հանուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի «մոտակայքում» հայտնվելու պատրանքային հեռանկարի։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանինն է, այլև Ռուսաստանինը, որը պետք է շտկի իր քաղաքականությունը Կովկասում, և արդեն քայլեր է ձեռնարկում իրավիճակի վրա ազդելու համար:
«Անշուշտ, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանին է, այլև Ռուսաստանինը։ Ռուսաստանը պետք է հետևություններ անի Կովկասում իր քաղաքականության վերաբերյալ, և նա այդ հետևությունները, ինչպես տեսնում ենք, անում է։ Ռուսաստանիկողմից զգուշացումներ են հնչել», – ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։
Նրա խոսքով՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանում իրավիճակը խորանում է և գոյաբանական բնույթ է ստանում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն առևտրի, տնտեսության միջպետական հարաբերություններում առկա իրավիճակի, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների ճակատագրի մասին է։
Իր հերթին, Հայաստանի առաջին վարչապետ և պաշտպանության երկրորդ նախարար Վազգեն Մանուկյանը նկատեց, որ դեպի Եվրամիություն ընթացքը ընդամենը Հայաստանի ներկայիս իշխանությունների նախընտրական կարգախոսն է: Իրականում, ըստ Մանուկյանի, չկա ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որևէ հասկանալի սցենար և չի կարող լինել։ Նրա դիտարկմամբ՝ արդեն հիմա ակնհայտ է, որ Եվրոպան հայտնվել է ծավալուն փոփոխությունների շեմին, և առայժմ անհնար է ասել, թե ինչ է իրենից ներկայացնելու ԵՄ-ն մի քանի տարի անց: Նման պայմաններում, ըստ Մանուկյանի, իմաստ չունի խոսել այն մասին, որ այս կամ այն պետությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, կարծում է նա։
Ամեն դեպքում, անկախ ընտրությունների ելքից, պետք է հիշել, որ Ռուսաստանը Հայաստանի հին բարեկամն է, մենք իրար մոտ ենք աշխարհագրորեն և քաղաքակրթական առումով: Եվ բարեկամության ու փոխգործակցության հարցերը, ինչպես ամփոփման մեջ նշեց Մանուկյանը, պետք է լուծվեն՝ անկախ մնացած քաղաքական որոշումներից։



