Ինչպե՞ս կարգավորել և կանխարգելել զարկերակային գերճնշումը
Զարկերակային գերճնշման համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Միասին վերահսկենք զարկերակային գերճնշումը»՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը (արյան բարձր ճնշումը)։ Այն հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների։ Չբացահայտված կամ չկարգավորված զարկերակային գերճնշումը կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղային կաթվածի, սրտային անբավարարության, երիկամների վնասման և այլ բարդությունների ռիսկը։
Ուստի, կարևոր է իրազեկ լինել զարկերակային գերճնշման կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ կարգավորման հարցերին։
Զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ՝
• աղի և հագեցած ճարպերով հարուստ սննդակարգ,
• ֆիզիկական պասիվությունը,
• ավելորդ քաշը և ճարպակալումը,
• ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը,
• քրոնիկական սթրեսը,
• ոչ բավարար քունը,
• ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը և տարիքային փոփոխությունները։
Զարկերակային գերճնշման կանխարգելման և կարգավորման հիմնական միջոցներն են՝
• աղի օգտագործման սահմանափակումը,
• առողջ և հավասարակշռված սննդակարգը,
• կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
• մարմնի քաշի վերահսկումը,
• ծխախոտից հրաժարումը,
• ալկոհոլի սահմանափակումը,
• սթրեսի նվազեցումը,
• ինչպես նաև արյան ճնշման պարբերական չափումը։
Եթե զարկերակային գերճնշումն արդեն ախտորոշված է, անհրաժեշտ է պահպանել բժշկի նշանակած բուժումը և չդադարեցնել դեղորայքի ընդունումը առանց մասնագետի խորհրդատվության։
Արյան ճնշման կանոնավոր չափումը կարևոր է նույնիսկ այն դեպքերում, երբ մարդը որևէ գանգատ չունի։ Վաղ հայտնաբերումը և ճիշտ վերահսկումը օգնում են կանխել ծանր բարդությունները և պահպանել կյանքի որակը։



