Սրանց «բումն» էլ է փուչիկ
Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը ոգևորված խոսում էր այն մասին, որ Հայաստանում զբոսաշրջային բում է տեղի ունենում։ Զբոսաշրջիկների հոսքերն աննախադեպ տեմպերով ավելանում են՝ չտեսնված բարձր աճեր են գրանցվում։ Այնքան բարձր, որ իր հավատն էլ չի գալիս։
«Զարմանալի բաներ են տեղի ունենում զբոսաշրջային առումով. 2026թ. ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, 39 տոկոսով աճ է ունեցել։
Պատկերացնում ե՞ք՝ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, 34 տոկոս աճ է ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ՝ ճի՞շտ է այս թիվը, համոզվա՞ծ եք, որ այդպես է։ Էլ չհարցնեմ երևի։
Այս թվերը նշանակում են, որ մենք այս պահին զբոսաշրջային բում ունենք, և երկրորդ՝ այդ բումը շարունակվելու է, աճելու է, որովհետև դրա համար կան բոլոր նախադրյալները։
Սա շատ լավ լուր է և հույս ունեմ, որ գբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում՝ մարզերի, շատ ուշադիր կլինեն այդ վիճակագրության նկատմամբ, որովհետև, ի վերջո, այս ամենը դրամական հոսքեր են, և մեր հարգելի ու սիրելի գործարարներն իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենք իրենց ճիշտ, արդար մասնաբաժինը ստանան»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ առանց բացելու փակագծերը, առանց ասելու, թե ի՞նչ կա թաքնված այդ թվերի հետևում։
Այնինչ՝ գաղտնիքը փակագծերի ներսում է։ Երբ բացենք փակագծերը, կպարզվի, որ Նիկոլ Փաշինյանի ասած բումի մեջ իրականում ոչ մի բում էլ չկա։
Զբոսաշրջային հոսքերն ավելացել են բացառապես այն բանի շնորհիվ, որ նախորդ տարի դրանք շատ ավելի կտրուկ նվազել էին։ Ու նույնիսկ այս տարվա 35-40 տոկոս աճերից հետո չեն կարողացել վերականգնել կորցածը։
Նախ խոսենք ապրիլի մասին. Ապրիլին Հայաստան է այցելել 172.409 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 123.705 հազար։
Առաջին հայացքից այցելուների քանակը գրեթե 49 հազարով ավելացել է։ Բայց ավելացել է նախորդ 2 տարվա անկումից հետո։ Զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել էր հատկապես անցած տարի։ Անցած տարվա ապրիլին ավելի քան 40 հազարով պակաս այցելու էր եկել։
Դրանից առաջ էլ զբոսաշրջիկների թիվը նվազել էր։ Ու հիմա, երբ այս տարվա այցելուների քանակը համեմատում ենք 3 տարի առաջվա հետ, տեսնում ենք, որ զբոսաշրջության ոլորտում բացարձակ առաջընթաց չի գրանցվել։
Զբոսաշրջության զարգացումն ամբողջությամբ ձախողել են։ Հոսքերը վերջին 3 տարվա ընթացքում չեն ավելացել։ Պաշտոնական տվյալներով, 2023թ. ապրիլին Հայաստան 179.639 զբոսաշրջիկ էր եկել, այս տարի եկել է 172.409 զբոսաշրջիկ։
Այս տարի նույնիսկ 7.230-ով պակաս զբոսաշրջիկ է եկել, քան 3 տարի առաջ։
Եվ սա համարում են զբոսաշրջային բում։ Նույն հայտնի պատմությունն է՝ 2 քայլ առաջ, 1 քայլ հետ։ Երկու տարի անընդմեջ հոսքերը նվազում են, հաջորդ տարի որոշ չափով վերականգնվում են, համարում են, որ բում է տեղի ունեցել։
Իրականում ունենք այն, որ 3 տարում ոչ մի առաջընթաց չկա զբոսաշրջային հոսքերի առումով։ Հոսքերը նույնիսկ նվազել են։ Ու դա նշանակում է, որ ոլորտում բյուջեի, առավել ևս՝ վարկերի հաշվին կատարված միլիոնավոր, տասնյակ դոլարների ներդրումները որևէ արդյունք չեն տվել։ Անիմաստ փողեր են ծախսել, իրենց հաշվով «զարգացման» ծրագրեր են իրականացրել, բայց զարգացման փոխարեն՝ ոլորտը հետ է գնացել։ Զբոսաշրջիկների քանակը վերջին 3 տարվա ընթացքում նվազել է։
Նույն երևույթը տեղի է ունեցել ոչ միայն ապրիլին, այլև հունվար-ապրիլին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը փորձում է առասպելներ հորինել ու տպավորություն ստեղծել, թե իրենց բերած խաղաղության արդյունքում այցելուներն արդեն գլուխ են կոտրում Հայաստան գալու համար։
Հիմա տեսե՛ք, թե ի՞նչ է տեղի ունեցել հունվար-ապրիլին. Այս տարվա հունվար-ապրիլին, Զբոսաշրջային կոմիտեի տվյալներով, Հայաստան է այցելել 625 հազար 843 զբոսաշրջիկ՝ 119 հազարով ավելի շատ, քան անցած տարի։
Եթե չիմանայինք, թե ինչ է տեղի ունեցել նախորդ տարի, իսկապես կարող էր թվալ, թե Նիկոլ Փաշինյանի ասած՝ բումի հետ գործ ունենք։ Բայց սա բում չէ, որովհետև այն աճը, որը տեսնում ենք այս թվերի մեջ, եղել է բացառապես անցած տարվա նույն ժամանակահատվածի շատ ավելի մեծ անկումից հետո։ Անցած տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել էր գրեթե 148 հազարով։
Հիմա սա համեմատեք այս տարվա հունվար-ապրիլի հետ. Անցած տարվա հունվար-ապրիլին զբոսաշրջիկների քանակը 148 հազարով կրճատվել էր, այս տարի 119 հազարով ավելացել է։ Ստացվում է, որ անցած տարվա կրճատվածը նույնիսկ չի վերականգնվել՝ ավելի քան 28 հազարով դեռ պակաս է։
2024թ. հունվար-ապրիլին Հայաստան 654 հազարից ավելի զբոսաշրջիկ էր եկել, այս տարի եկել է 625.8 հազարը։
Նույնիսկ 3 տարի առաջ էր ավելի լավ վիճակ, քան հիմա։ Այն ժամանակ տարեսկզբի առաջին 4 ամիսներին Հայաստան էր եկել 631.4 հազար տուրիստ, այս տարվա նույն ժամանակահատվածում եկել է 625.8 հազար։
Երեք տարվա կտրվածքով էլ ունենք զբոսաշրջիկների թվի նվազում։
Ու այսքանից հետո, Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջային ոլորտի «բումերից» է խոսում, ոլորտում զբաղվածներին հույս է տալիս, որ այսուհետ էլ «բումը» շարունակվելու է։ Նախկինում էլ բազմիցս նման հայտարարություններ արել է ու ոչ միայն՝ զբոսաշրջության հետ կապված, տեսնում ենք, թե ինչքանով են դրանք արդարացել։
Խաբելով, իրականությունը թաքցնելով ու կեղծելով՝ մարդկանց մանիպուլացնում են, չեղած զարգացումների վերաբերյալ պատմություններ են հյուսում, հեքիաթներ են պատմում։ Շատերն էլ, տեղյակ չլինելով իրականությունից, հավատում են, հավատում են ու խաբվում։
Տարիներ շարունակ հենց այսպիսի խաբեություններով են երկիրը ղեկավարում, քաղաքացիներին մոլորեցնում են, քարոզչական փուչիկներով են կերակրում։ Թե սա դեռ ինչքա՞ն կշարունակվի, ընտրությունները ցույց կտան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



