Պետքարտուղարի հետ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի․ Միրզոյան
«Ուզում եմ մեկ անգամ ևս բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի՝ պետքարտուղար Ռուբիոյի, բոլոր մյուսների դերը և նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում»,- այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա որակմամբ՝ Ռուբիոյի խիստ բովանդակալից այցը վկայում է երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին։
Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Ըստ նրա, չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ, հաշվի առնելով երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները։
«Հարգելի գործընկերներ, ամենակարևոր իրադարձությունը, իհարկե, անցած տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց նաև կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերել և հայտարարել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Եվ ընդամենը մի քանի ամիս անց՝ այս տարվա արդեն հունվարի սկզբին, ես և իմ հարգելի գործընկեր, պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում ստորագրեցինք ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի մասին մի նոր փաստաթուղթ, և կրկին ընդամենը մի քանի ամիս անց՝ այսօր՝ մայիսին, Երևանում մենք կարողացանք նախաստորագրել արդեն միջպետական համաձայնագիրը ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ։
Իհարկե, սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որ մենք այս ամիսների ընթացքում միասին անցել ենք։ Մենք ունենք արդեն ստորագրած և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության և կիսահաղորդիչների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտի մասին, քիչ առաջ միասին ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը հանքանյութերի, կրիտիկական միներալների վերաբերյալ, և, իհարկե, ամենակարևորը, ես կասեի՝ հովանոցային պայմանավորվածությունը՝ պետքարտուղարի հետ միասին, քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ասաց Միրզոյանը՝ առաջարկելով մի փոքր ուսումնասիրություն անել և համեմատել 2 փաստաթղթերը։
Նա հույս հայտնեց, որ տեսանելի կլինի, թե ինչպիսի տարբերություններ կան նոր տարբերակում, նրա խոսքով, ինչպիսի նոր հնարավորություններ կան, ինչպես է հարստացված փաստաթուղթը։
«Ուզում եմ մեկ անգամ ևս սա կարևորել և բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի՝ պետքարտուղար Ռուբիոյի, բոլոր մյուսների դերը և նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում։
Կրկին անգամ ուզում եմ ասել և հուսով եմ՝ կուսումնասիրեք, կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա, որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»,- նկատեց Միրզոյանը։



