Ո՞վ է չարը, և ինչպե՞ս պաշտպանվել
«Փրկեա զմեզ ի չարէն». Տերունական աղոթքի հատվածը մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
Ո՞վ է չարը
– Աստվածաշունչը կասկածի տակ չի դնում, որ այս աշխարհում կա չարի ուժը: Տերունական աղոթքով մենք խնդրում ենք մեզ փրկել չարից։ Այստեղ նշված է որոշակիորեն, այսինքն՝ նրանից, ով չար է: Աստվածաշունչը չարը չի դիտարկում իբրև վերացական տեսակետ կամ գաղափար: Չարն Աստծո դեմ գործող ուժ է։ Գոյություն ունեցող բոլոր զգացմունքները, ցանկությունները, ձգտումներն ու մղումները՝ մեր մեջ և մեզնից դուրս, երբ մեզ մղում են հակառակվել Աստծո կամքին և ծրագրերին, կոչվում են չար:
«Սատանա» բառի նշանակությունը
– Եբրայերենում «սատանա» բառը նշանակում է հակառակորդ։ Աստվածաշնչում Դավիթն իր հակառակորդներին, Սողոմոնն իր թշնամիներին համարում է սատանա։ Այստեղ խոսքը ոչ թե նրա մասին է, ով մեզ փորձության է ենթարկում, այլ խոսքը թշնամու, հակառակորդի մասին է։
Սատանան, եբրայական ընկալումով, նաև դատաստան տեսնող արարած է։ Հրեաները կարծում էին, որ երկնքում կա հրեշտակ, որի պարտականությունն է դատ հարուցել մարդկանց դեմ: Աստվածաշնչում՝ Հոբի գրքում, նշվում է, որ Տերը հարցնում է սատանային Հոբի մասին, որն աստվածապաշտ էր։ Եվ ստանում է պատասխան. «Փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Այլ նշանակություն՝ զրպարտիչը
– Սատանա բառը նշանակում է նաև զրպարտիչ: Նա մարդու հակառակորդն է։ Այն ուժն է, որը փորձում է խափանել Աստծո ծրագիրը։ Աստվածաշնչյան այն դրվագում, երբ Հիսուս խոսում էր Իր մահվան և հարության մասին, Պետրոսը սկսեց վիճել, որ Տիրոջ հետ նման բան չի պատահի: Տերը, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։
Պետք չէ հակառակ կանգնել Աստծո ծրագրին: Քրիստոս մեզ սովորեցնում է աղոթել, որ փրկվենք, ազատագրվենք այդ կործանարար ուժից:
Ինչպե՞ս պաշտպանվել
– Չարից պաշտպանվելու պարզ միջոցն ինքնահարգանքն է, երբ գիտես՝ ով ես և ինչ դեր ունես։ Հիշենք Նեեմիայի գիրքը: Երբ նրան ասում են, որ կյանքը վտանգի տակ է, պետք է տաճար մտնի և պաշտպանվի, նա պատասխանում է. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ և կամ ո՞վ է այն մարդը, որ մտնի Աստծու տունը և կարողանա փրկվել»: Այնուհետև նշվում է. «Տուբիան և Սանաբաղատը մեծ ամբոխ էին վարձել իմ դեմ, որ վախենամ և Տիրոջ տունը մտնելով՝ մեղանչեմ, և չար անուն դնեն ինձ վրա»։ Տրված պատասխանը վկայում է հզոր, իր անձը ճանաչող մարդու կեցվածքի մասին։ Մարդը կարող է խուսափել շատ բաներից, բայց իր անձից, էությունից չի կարող:
Չարից պաշտպանվելու հզոր միջոցը
– Չարից պաշտպանվելու միջոց է ավանդույթի պահպանումը: Յուրաքանչյուրս ծնվել ենք մի միջավայրում, պատկանում ենք այդ ընտանիքին: Մեր ավանդույթները մեզ համար ամրոցակերտ պաշտպանություն են և մեզ փրկում են այլ միջավայրերի ազդեցություններից: Ավանդությամբ ենք զորանում: Աստված կարող է ցույց տալ կարճ ճանապարհ, բայց փոխարենը հրեա ժողովուրդն անապատում թափառեց տարիներ շարունակ: Նկատենք, որ անապատն օտար ազդեցություններից զերծ մնալու միջավայր էր: Այն վայրը, որտեղ ստեղծեցին իրենց մշակույթը, ավանդույթները՝ ապրելու և գոյատևելու։
Մշակույթը և ավանդությունը չարից պաշտպանվելու հզոր միջոցներ են: Մեր պատմության 5-րդ դարը կոչվեց Ոսկեդար։ Երբ Հայաստանը բաժանված էր երկու մասի, մեր ավանդությունն ու մշակույթը դարձան գոյատևելու միջոց:
Սիրելու և սիրված լինելու ուժը
– Չարից պաշտպանվելու միջոց է սիրելու և սիրված լինելու հանգամանքը: Շատերը կմեղանչեին, եթե միայն իրենք կրեին իրենց քայլերի հետևանքը, միայն իրենք պատժվեին: Դա շատ հեշտ կլիներ, բայց երբ մտածում ես, որ քո պատիժը և մեղքը նաև ազդելու է դիմացինների վրա, սա այլ է:
Պաշտպանություն Աստծո խոսքով և Քրիստոսով
– Եվ վերջապես, մենք կարող ենք պաշտպանվել չարից՝ Հիսուս Քրիստոսով, մեր Տիրոջով, Աստվածաշնչով, Հին և Նոր Կտակարաններով, Քրիստոսի առօրյա կյանքով, Նրա առօրյա ներկայությամբ, որ մեզ պաշտպանում է ամեն տեսակ փորձությունից։
«Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս»
– Տերունական աղոթքի այս հատվածը չկա բնագրերում՝ Ավետարաններում: Այն ավելացել է ավելի ուշ: Մենք ասում ենք. «Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը»: Այն քրիստոնյայի երախտագիտական մոտեցումն է, գոհաբանական և փառաբանական եզրակացությունը: Նման կերպ են ավարտվում մեր աղոթքները: Ո՞վ է արժանի փառքի: Ո՞ւմ է պատկանում երկնքի և երկրի թագավորությունը, ողջ զորությունը, փառքը և պատիվը՝ Աստծուն։
Պատրաստեց Անի Ավագյանը



