Բաժիններ՝

Անհնար է օֆշորում ուրիշի անունով ընկերություն բացել. Էդիկ Բաղդասարյան

Անհնար է օֆշորում ընկերություն բացել այլ մարդու անունով` առանց նրա իմացության. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի իմացության` հնարավոր էր նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել:

Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում էր հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am-ին` նշելով, որ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության:

«Ես համոզված եմ, որ հնարավոր չէ ուրիշի անունով օֆշորում ընկերություն բացել»,- ասել է «Հետքի» խմբագիրը` ընդգծելով, որ աշխարհում այդպիսի նախադեպ դեռ չի գրանցվել:

Էդիկ Բաղդասարյանի խոսքով` օֆշորային հետաքննությունը «Հետքը» սկսել է գործարար Փայլակ Հայրապետյանի խնդրանքով:

Կարդացեք նաև

«Նա ինձ զանգեց և մենք հանդիպեցինք: Հայրապետյանը մեզ տրամադրեց իր գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք շատ-շատ էին: Այդ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այս մարդու ունեցվածքը կազմակերպված ձեռքից խլելու նախագիծ է եղել»,- ասել է նա՝ նշելով, որ կարելի է հայտարարել, որ Փայլակ Հայրապետյանն իրապես տուժող է:

«Հետքի» խմբագիրը նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհրապարակվի հոդվածի շարունակությունը:

Ամբողջական հրապարակումը՝ ՍիվիլՆեթի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս