Հնդկաստանը մտահոգություն է հայտնել ԱՄԷ-ում ատոմակայանի վրա հարձակման առնչությամբ
Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններում Բարաքա ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման առնչությամբ՝ նման գործողություններն անընդունելի համարելով:
«Հնդկաստանը խորապես մտահոգված է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակման կապակցությամբ: Նման գործողությունները անընդունելի են և ներկայացնում են վտանգավոր սրացում: Մենք կոչ ենք անում զսպվածության և երկխոսության ու դիվանագիտության վերադարձի», – ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Աբու Դաբիի իշխանությունները երեկ հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան, և ճառագայթման ֆոնային մակարդակը նորմալ է: Հրդեհը չի ազդել կայանի անվտանգության վրա. դրա բոլոր համակարգերն ու էներգաբլոկները բնականոն աշխատում են:
Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։



