«Ինքը օրվա մեջ առնվազն երեք անգամ ՝ նախաճաշին, ճաշի, ընթրիքին, որոշումներ է փոխում». Սաֆարյանը՝ Հայրիկյանի մասին

«Ժառանգություն»կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջերս ֆեյսբուքում գրառում էր կատարել, որտեղ հիշատակել էր իրեն Դավթաշենից Մասիվ տեղափոխած վարորդի խոսքերը։ Վարորդը, ըստ գրառման, երեկոյան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի տանը տեղի ունեցած միջոցառումը որակել էր որպես «փարթի»: Ստյոպա Սաֆարյանի գրառումը դուր չէր եկել Պ. Հայրիկյանին: Մանրամասնելով իր ֆեյսբուքյան գրառումն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն ասաց.
«Քաղաքական գործիչը, որին 15-16 տարեկանի աչքերով այլ կերպ էի նայում, իմ առջև այսօր իր ողջ մերկությամբ է հառնում: Հանրային լսարանի առջև արտահայտվելիս, անգամ բարեկրթություն, տակտ չունի՝ բառերն ընտրելու առումով: Եթե Պարույր Հայրիկյանի շատ քայլեր հասկանալի չեն հանրության համար, ապա դրա մեղավորը հանրությունը չէ, ով քննարկում է և ցանկանում է ստանալ բացատրություններ: Եթե հասարակությունը Պարույր Հայրիկյանի գործունեությամբ, վարքագծով հետաքրքրվեր նրա լոգարանում, ապա դա աննորմալ կլիներ, միգուցե կոշտ ու բուռն ռեակցիան էլ հասկանալի լիներ: Բայց եթե Պարույր Հայրիկյանն իրեն հանրային դեմք է հռչակում, ապա պետք է ինքը մտածի՝ հանրության մոտ իր առաջ և հետ քայլերի, տատանումների, Կառավարությունից աջակցություն, մահափորձի իրական լինել չլինելու հարցերի արդյունքում ինչո՞ւ են հարցեր ծագել: Հանրությունը չէ մեղավոր, որ նրա շորերի վրա հետք չկա, որ չի հասկանում, թե ինչու պետք է այդքան մեծ օգնություն տրամադրվի մեկին, ումից ավելի կարիքավորներ կան: Հանրությունը չէ մեղավոր, որ ինքը օրվա մեջ առնվազն երեք անգամ ՝ նախաճաշին, ճաշի, ընթրիքին, որոշումներ է փոխում»,- ասաց նա: Հարգելով Պարույր Հայրիկյանի «սպիտակ մազերը»` Ս. Սաֆարյանն ասաց, որ նրան անձնական վիրավորանք չի հասցրել ու այլևս չի նայում Հայրիկյանին այն աչքերով, ինչ Ղարաբաղյան շարժման ժամանակ: «Նրան դուր չէր եկել, որ ասել էին փարթի: Ասել էր, թե դա մատաղ է: Պատահական չէ, որ օգտատերերից մեկն էլ գրել էր՝ մատաղ փարթի: Ես չեմ մեղավոր, որ ժողովուրդը հեգնանքով է մոտենում իր միջոցառումներին»,- նկատեց Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս