Ջուրը, գարեջուրը, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը կդրոշմավորվեն
Հուլիսի 22-ից ուժի մեջ կմտնի «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված՝ տարայավորված որոշ ապրանքների դրոշմանվորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին կառավարության որոշումը: Այն կիրառվելու է 2013 թ.-ի հուլիսի 1-ից հետո Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ:
Այսուհետ դրոշմավորման ենթակա են ջրերը` ներառյալ բնական կամ արհեստական հանքային, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման, նաև շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքները` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը, չխմորված և սպիրտ չավելացված հյութը:
Սահմանված կանոնների համաձայն՝ դրոշմավորումը կատարվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարայի կամ տարայի կափարիչի վրա` օրենքով սահմանված կարգով ձեռք բերված դրոշմապիտակ փակցնելու միջոցով:
Դրոշմապիտակը սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ է, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:
ՀՀ տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ ՀՀ տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:
Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման հայտի հիման վրա՝ դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:
Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է ՀՀ կառավարությունը:
2013 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել մինչև 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: