Դավիթ Բաբայանը՝ Կարեն Միրզոյանի մասին. Նա այս հող ու ջրի մարդ է, հայ է, և վերջապես Ղարաբաղի ԱԳ նախարարն է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստաընկերության եթերում արած սկանդալային հայտարարություններին: Մամլո խոսնակը նախ ուրախ է, որ նման դեպքերում աղմուկ է բարձրացվում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի «իմունային համակարգը լավ է գործում»:

«Անկախ նրանից` դրական հայտարարություն է, բացասական հայտարարություն է, շատ լավ է, որ ժողովուրդն արձագանքում է: Ուրեմն Ղարաբաղի ճակատագիրը հետաքրքրում է բոլորին»,- ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, ապա Դավիթ Բաբայանը լավ գիտի նրան: «Նա այս հող ու ջրի մարդ է, հայ է, և վերջապես Ղարաբաղի ԱԳ նախարարն է: Ինչպե՞ս կարող էր նա թույլ տալ նման բան ասել, որ ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Դա բացառվում է»,- նկատել է նա:

Նախագահի մամլո խոսնակի խոսքով` ԱԳ նախարարը գերլարված էր` «կարևոր հարցազրույց էր, կարևոր հեռուստաընկերությամբ», և հետո Կարեն Միրզոյանին հարց է տրվել հակամարտության մասին: «Նա ցանկացել է ասել, որ հակամարտությունը պետք է լուծում ստանա, այլ ոչ թե ցանկացել է ասել, որ նորից միանանք Ադրբեջանին: Կարծում եմ` գերլարվածությունն էր և անգլերենի իմացությունը»,- ասել է նա:

Դավիթ Բաբայանի խոսքով` ԱԳ նախարարը հանդիպել է Բակո Սահակյանին, քննարկվել է իրավիճակը: «Կներեք, դա մեր ներքին գործառույթն է, այսպես ասած` մեր խոհանոցն է, և մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Դավիթ Բաբայանը` չմանրամասնելով, թե ինչ են խոսել Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հրաժարականին, ապա  Դավիթ Բաբայանի կարծիքով` պիտի հրաժարական տա այն մարդը, ով այդպես է մտածում: “Էլի եմ ասում` Կարեն Միրզոյանն այդպես չի մտածել եւ չի մտածում”,-եզրափակեց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս