Ապշերոնյան փոքրիկ սուլթանի հայատյաց քաղաքականությունը իշխանություն պահելու միակ ռեսուրսն է, և նա լավ հասկանում է, որ Արցախը երբեք տարածքի մասին չի եղել. Ալեքսանդր Հարությունյան
Փաստաբան, սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը գրում է. «Ինչո՞վ էր պայմանավորված Ալիևի բոցաշունչ և հիստերիկ վիդեոելույթը և բազում մեղադրանքներն ու Արցախի հարցը տարծքային խնդրի վերածելու հերթական փորձը։ Նարնով, որ Արցախը երբեք «տարածքային հարց» չի եղել, և փոքրիկ սուլթանիկը դա շատ լավ հասկանում է։
Արցախի հարցը երբեք քարտեզի գծերի մասին չի եղել։ Այն միշտ եղել է այն մասին, թե արդյոք հայերը կարող են ապրել անվտանգ, ազատ և արժանապատիվ իրենց հայրենիքում։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել՝ ջարդերից մինչև հարկադիր տեղահանություն, ցույց է տալիս մեկ բան․ սա համակարգային հայատյացության օրինակ է, ոչ թե տարածքային վեճ։
Ադրբեջանի պահանջների «իրավական հիմքը» լավագույն դեպքում խիստ խոցելի է։ Այն հիմնված է խորհրդային ժամանակաշրջանի Կովկասյան բյուրոյի քաղաքական որոշման վրա, որը ոչ միջազգային իրավունքի լեգիտիմ ակտ է, ոչ ժողովրդի կամք, և առավել ևս ոչ ժողովրդավարական մանդատ։ Դրան հակառակ՝ կա Արցախի հայության ինքնորոշման հստակ արտահայտություն 1991 թվականին՝ իրականացված գոյաբանական վտանգի և բռնության պայմաններում։
Սակայն խնդիրը միայն պատմական չէ․ այն շարունակական է։
Տասնամյակներ շարունակ հայերը ենթարկվել են բռնությունների՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ։ Սրանք մեկուսացված դեպքեր չէին․ դրանք նախերգանքն էին։ Ուղերձը պարզ էր՝ հայերը չեն կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Այդ ուղերձի գագատնակետն էր 2023 թվականը, երբ ավելի քան 100,000 հայեր հարկադրված լքեցին Արցախը՝ շրջափակման, սովի և ռազմական ճնշման պայմաններում։ Մարդկանցից դատարկված տարածքը «վերաինտեգրված» չէ․ այն զտված է։
Դրան գումարվում է հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացումը։ Եկեղեցիները պղծվում են ու ոչնչացվում, արձանագրությունները ջնջվում, հուշարձանները «վերանվանվում»։ Սա անուղղակի վնաս չէ։ Սա ինքնության ջնջում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և միջազգային սովորութային իրավունքի համաձայն՝ սա ինքնին իրավախախտում է և ավելի լայն քաղաքականության մաս՝ վերացնելու հայկական ներկայությունը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև պատմականորեն։
Գերիները։ Հայ գերիները, որոնց թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարները, պահվում են կասկածելի իրավական գործընթացների պայմաններում՝ առանց արդար դատավարության վստահելի երաշխիքների։ Երբ կալանքը դառնում է միջպետական ու հոգեբխնական ճնշման գործիք, դա այլևս արդարադատություն չէ․ դա հարկադրանք է։ Իր բովանդակությամբ այն մոտենում է պատանդառությանը՝ անկախ օգտագործվող ձևակերպումներից։
Եթե դեռ կասկած կա պետական մակարդակով հայատյացության մասին, հիշենք Ռամիլ Սաֆարովի գործը։ Նա սպանել է քնած վիճակում գտնվող Գուրգեն Մարգարյան-ին, դատապարտվել է, ապա արտահանձնվել Ադրբեջան, որտեղ անմիջապես ներվել, նրա պաշտոնե բարձրացվել է և մարդասպանը հռչակվել է ազգային հերոս։ Այդ մեկ դեպքը բավարար է հասկանալու համար, թե ինչ «ապահովություն» կարող են ունենալ հայերը Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա մտավախություն չէ․ սա իրավականորեն հիմնավորված գնահատական է։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» հռետորաբանությունը ոչ միայն միամիտ է, այլ վտանգավոր։
Ոչ մի ղեկավար՝ որքան էլ լեգիտիմ, իրավունք չունի՝
– հրաժարվել պատմական արդարության վերականգնումից
– լեգիտիմացնել էթնիկ զտումը,
– անտեսել վերադարձի իրավունքը,
– լքել հայ գերիներին,
– լռել մշակութային ոչնչացման մասին,
– հրաժարվել միջազգային իրավական պահանջներից։
Սրանք քաղաքական սակարկության առարկա չեն։ Սրանք իրավունքներ են՝ պաշտպանված միջազգային իրավունքով, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կիրառելի պարտավորություններով։
Այսօր լռությունը չեզոքություն չէ։ Այն կարող է դառնալ համաձայնություն։
Եթե Հայաստանը ստորագրի «խաղաղություն», որը անտեսում է այս իրողությունները, դա խաղաղություն չի լինի։ Դա կլինի հարկադրանքի օրինականացում։ Դա կվերածի՝ էթնիկ զտումը «կոնֆլիկտի լուծման»,
պատանդներին՝ «կալանավորների»,
մշակութային ոչնչացումը «ռեստորացիայի»։
Եվ երբ այդ փոխակերպումը ընդունվի, այն գրեթե անհնար կլինի հետ շրջել։
Խաղաղությունը անհրաժեշտ է։ Բայց խաղաղություն առանց իրավունքների, առանց պատասխանատվության, առանց վերադարձի և առանց արժանապատվության՝ խաղաղություն չէ։ Դա կապիտուլյացիա է՝ ձևակերպված մեր թշնամուն հարմար դիվանագիտական լեզվով։
Ապշերոնյան փոքրիկ սուլթանի հայատյաց քաղաքականությունը իշխանություն պահելու միակ ռեսուրսն է, և նա լավ հասկանում է, որ Արցախը երբեք տարածքի մասին չի եղել։ Այն եղել և մնում է մարդկանց և նրանց իրավունքների մասին, ինչն արտացոլված է մի շարք պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշման մեջ, և ոչ մի կառավարություն իրավունք չունի շեղվել կամ լռությամբ կոծկել այս իրականությունը։ Այդ պատճառով էլ օղլի սուլթանը խառնվել է իրար։



