Ալիևը Երևան ժամանեց տեսակապով. Հայաստանը դարձրին պրոքսի պատերազմի տարածք. Սուրեն Սուրենյանց

Եվրոպական առաջնորդները հավաքվել էին Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերընտրությանը նպաստելու նպատակով։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ և Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովների մասին։

Քաղաքագետն ընդգծում է, որ մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացված այս միջոցառումները փոխկապակցված են և, ըստ էության, մեկ ընդհանուր քաղաքական համատեքստ ունեն, այն է՝ նախընտրական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներից և հաշվարկներից ելնելով։

«Երբ նշանակվում էր այս գագաթնաժողովների ժամկետը, դա ակնհայտորեն եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի բավարարում և միանշանակ նախընտրական համատեքստի հետ է կապված։ Որևէ այլ փուլում այս գագաթնաժողովներն այլ նշանակություն կունենային, իսկ հիմա ակնհայտորեն և առաջին հերթին ծառայում են Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ, նախընտրական շահերին»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանցն այս միջոցառումների պաշտոնական հանդիսավորության, եվրոպական ժպիտների ու գրկախառնությունների, գեղեցիկ, հռչակագրային տեքստերի տակ առավելապես վտանգներ է տեսնում Հայաստանի համար՝ նշելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանը դարձրեց Եվրամիություն-Ռուսաստան «պրոքսի» պատերազմի տարածք։

Այս առումով Սուրենյանցը հիշատակում է առաջին հերթին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երեկվա սկանդալային հայտարարությունը ԵՔՀ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում, երբ ասել էր, թե «8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, քանի որ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր՝ որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ», և, որ «կօգնենք՝ ռուսական զորքերն այստեղից դուրս գան»։

Հիշեցնենք. երեկ Մակրոնը հայտարարել էր. «Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող և ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը»: Ֆրանսիայի նախագահն ավելացրել է, որ «այսօրվա աշխարհում ավելի լավ է չափազանց չապավինել Ռուսաստանին»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն Էմանուել Մակրոնի հայտարարությունը գնահատում է «ցինիկ» և «իրականություն աղավաղող»։

«Մակրոնն ակամայից բացահայտում է Հայաստանի ինքնիշխանության թշվառությունը, որովհետև երրորդ երկրի նախագահ որոշում է հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը կամ իրեն իրավունք է վերապահում հնչեցնել նման հայտարարություններ։ Մակրոնի հայտարարությունները ցինիկ էին թե՛ իրականությունն աղավաղելու, թե՛ շեշտադրումների իմաստով։

Օրինակ՝ հետաքրքիր է Մակրոնի կարծիքը լսել՝ եթե 8 տարի առաջ մենք ռուսական արբանյակ էինք նաև իր ստեղծած ճարտարապետության բերումով, այսինքն՝ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, որտեղ, կրկնում եմ, առանցքային դեր նաև Մակրոնն է խաղացել, ապա ո՞ւմ արբանյակն է Հայաստանը դարձել հիմա։ Ակնհայտորեն՝ ո՛չ Եվրամիության»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։

Խոսելով զույգ գագաթնաժողովների և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի բովանդակության մասին՝ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ դրանք իրականում ոչ մի կերպ չնպաստեցին Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը կամ Հայաստանի եվրաինտեգրմանը, ոչ էլ կնպաստեն ավելի դեմոկրատական Հայաստանին, կամ այլ խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության՝ ավելի ժողովրդավարական երկիր դառնալուն։

«Ինչպես արդեն ասացինք՝ գագաթնաժողովների թայմինգը և այն դիֆերամբները, որոնք ձոնվում էին Նիկոլ Փաշինյանի հասցեին, հուշում են, որ այս մարդիկ հավաքվել են ոչ թե Հայաստանի դեմոկրատական զարգացմանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը նպաստելու նպատակով։

Ասեմ ավելին, իմ այս խոսքերը թող որևէ մեկը չվերագրի «հակաարևմտյան» կամ «հակաեվրոպական» դիրքորոշումներին, որովհետև ես Հայաստանի իրական եվրաինտեգրացիայի կողմնակից եմ, բայց եկեք մեր արժեքային կողմնորոշումը չշփոթենք երկրի աշխարհաքաղաքական դիրքավորման հետ, և տեղին եմ համարում արձանագրումը, որ Եվրոպայի այսօրվա շահախմբերը որևէ կապ չունեն արևմտյան ունիվերսալ արժեհամակարգի հետ։ Մեկը լինի՝ այսօրվա եվրոբյուրոկրատիայից պաշտպանի արժեքները։ Եվրամիությունը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի փնթի ավտորիտարիզմը»,- ընդգծում է քաղաքագետը։

Քաղաքագետն անում է նաև մեկ այլ արձանագրում՝ երեկվա գագաթնաժողովը և դրանում Ալիևի ելույթը տեսակապով ակամայից ևս մեկ անգամ վերահաստատեց, թե ինչպիսի նվաստացուցիչ մոդել է դրված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Տեսակապով Երևան ժամանեց Իլհամ Ալիևը, «խաղաղության» քողի տակ ագրեսիվ թեզեր դարձյալ հնչեցրեց, ընդ որում՝ թե՛ Եվրախորհրդարանի հասցեին, բայց նաև արցախցի մեր հայրենակիցներին սեպարատիստ անվանեց, Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարությանը՝ «ռազմական հանցագործներ»։ Եթե Ռոբերտա Մեցոլան՝ Եվրախորհրդարանի նախագահը, որը ներկա էր գագաթնաժողովին, հակադարձեց Ալիևին, նույնը չտեսանք Նիկոլ Փաշինյանի պարագայում։

Ոչ միայն չհակադարձեց Ալիևի գռեհիկ ձևակերպումներին, այլ նույնիսկ «շնորհակալություն» հայտնեց և իր թախանձագին ցանկությունը՝ երկու տարի հետո հյուրընկալվել Բաքվում։ Հենց այս նվաստացուցիչ մոդելն է ընկած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այսօրվա գործընթացի հիմքում»,- արձանագրում է Սուրենյանցը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031