«Խորհուրդ կտամ՝ խորհուրդ չտալ». ՀՀԿ-ական պատգամավորի խորհուրդը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն նվազագույն աշխատավարձը 2013 թվականի հուլիսի 1-ից 35 հազար դրամի փոխարեն կդառնա 45 հազար դրամ: Հիմնական զեկուցող, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, թե մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կբարձրանան բոլոր աշխատավարձերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, ասաց. «Խորհուրդ կտամ՝ խորհուրդ չտալ: Այո, ՀՀԿ-ն պետք է շարժվի իր ծրագրերով և գրաֆիկով, քաղաքական առումով, և ես չեմ կարծում, թե  մեկը խելոք բան ասի, կուսակցության կողմից հաշվի չի առնվի»: Նա նշեց, որ քանի որ հուլիսի 1-ից թանկացումներ կլինեն գազամատակարարման և էլէկտրաէներգիայի առումով, պետք է նախևառաջ մեղմել սոցիալապես անապահով այն խավի վիճակը, ով 35 հազար և դրանից քիչ աշխատավարձ է ստանում. «Ինչպե՞ս անել, որ սոցիալական ամենախոցելի խավը չգնա աղքատության: Դա կարելի է նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ իրականացնել:  Մենք ասում ենք` եկեք բարձրացնենք իրենց աշխատավարձը: էս օրենքում ուրիշ սկզբունք չկա: Եթե կա թանկացում, պետք է դրա դեմ կռվել, որ սոցիալապես անապահով խավի եզրին կանգնած քաղաքացիները չտուժեն»:

Ի հավելումն, Արտեմ Ասատրյանն ասաց, թե հուլիսի 1-ից, երբ կբարձրանա նվազագույն աշխատավարձն, այդ ընթացքում համապատասխան աշխատանքներ կկատարվեն,կձևավորվի այն սանդղակը, որը աշխատավարձերի հստակ համակարգ կձևավորի:  Անդրադառնալով այն գնահատականներին, թե դեռևս 2009 թվականից է խոսվում աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն բարձրացումչի եղել, նախարարը նշեց, որ դա եղել է ֆինանսական ճգնաժամով պայմանավորված, այնուամենայնիվ, նրա հավաստմամբ, 2009-13 թթ. աշխատավարձերի բարձրացում է եղել:

Տեսանյութեր

Լրահոս